Ի՞նչ են երազում ու պատկերացնում մեծ առաջնորդները, որ մենք ձգտում ենք հետևել նրանց, թեև տարբեր ենք: Այս հարցին է պատասխանում է «Առաջնորդության սիմֆոնիա» խորագրով 10-րդ տարեկան տարածաշրջանային համաժողովը:
Արամ Խաչատրյան համերգասրահում 1000-ից ավելի մասնակից եկել է լսելու Հայաստան ժամանած Թեդեքսի լավագույն խոսնակներին: Իտայ Թալգամն առաջին իսրայելցի դիրիժորն է, որ ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լայպցիգի օպերայի հետ։ Դիրիժորի փայտիկը երկար տարիներ է մի կողմ է դրել, որ սովորեցնի «մարդկանց դիրիժոր» լինել:
Իտայ Թալգամ, դիրիժոր, TEDx խոսնակ - Առաջնորդության բանաձևն իմանալը բավականին թանկ հաճույք է, դու պետք է իմանաս՝ ով ես դու, ով է դիմացինդ և ուր ես նրանց առաջնորդում: Պետք է մարդկանց ոչ թե համոզել, այլ հետաքրքել. դա արդեն յուրաքանչյուր խոսնակի գաղտնիքն է:
«Մենք բոլորս ներքուստ կակազում ենք, ինչ-որ մարդկանց մոտ զգացվում է, ոմանք պայքարում են դրա դեմ»,- ասում է կանադահայ Ժոզե Փիրանյանը, որ իր անձնական օրինակով է մարդկանց օգնում հաղթահարել վախերն ու հաղթահարել դժբախտությունները:
Ժոզե Փիրանյան, TEDx խոսնակ - Ամբողջ կյանքում լսել եմ Հայաստանի մասին, և որպես հայ՝ սա իսկապես էմոցիոնալ և խորհրդանշական այց է: Իմ ճանապարհն սկսվել է կակազելուց. ժամանակի ընթացքում կարողացել եմ հասնել սթենդափ կատակերգության բեմ: Ես դա արել եմ 3 մայրցամաքում և 4 լեզվով: Ես կակազում եմ 6 լեզուներով: Եվ ես ուրախ եմ, որ նորմալ է, երբ դու տարբերվում ես: Եվ ինձ լսողները ևս պետք է կարողանան հաղթահարել իրենց վախերը:
Կազմակերպիչներն ասում են՝ համաժողովն ստացված կհամարեն, եթե ամեն մասնակից սկսի մտածել իր հաջողությունների մասին:
Արփի Կարապետյան, Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի խորհրդի նախագահ - Պատերազմից հետո մենք սկսեցինք 3 ուղղությամբ ծավալել մեր գործունեությունը: Սոցիալական ծրագրեր՝ «Նոր էջ» ծրագիրը, որն անում ենք մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների համար: Երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը, երրորդ ուղղությունը լիդերության գաղափարն է, որպեսզի մենք կարողանանք մեզանում կերտել այն լիդերներին, որոնց հետևից մարդիկ կգնան:
Եվ 6 ժամանոց «Առաջնորդության սիմֆոնիան» նոր ձևաչափով է՝ 3 խոսնակ և 3 երաժշտական կատարում: Միտքն ու արվեստը համատեղելու սիմֆոնիան սկսվում է բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ կոմիտասյան հնչյուններով: