Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքն է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ: Այդ մասին ասված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս ձևաչափով ութ հանդիպումների արդյունքում ներկայացվել է զեկույց, որում նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային հստակ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը՝ ելքով դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ այդպիսով Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս:
«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որն ուռճացվում է ԶԼՄ-ներում, կարևոր է հատկապես այն, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։