Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուտում է շիլա և խմում բնական հյութեր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Բանտ տեղափոխվելուց անմիջապես հետո Սաակաշվիլին բանկային քարտ է ստացել։ Դա տեղի է ունեցել արագ՝ երկու օրվա ընթացքում: Նա սկզբում գնել է որոշ սննդամթերք, հետո հրաժարվել է դրանից: Որոշ ժամանակ անց նա իր ցանկությամբ գնել է ինչ-որ շիլաներ և բնական հյութեր: Նա նաև շարունակում է ստանալ բժիշկների դուրս գրած դեղամիջոցները»,- ասել է Բրեգաձեն։
Լրագրողի այն հարցին, թե նախկին նախագահն այժմ սնո՞ւնդ է ընդունում, նախարարը պատասխանել է՝ այո։
Վրաստանի արդարադատության նախարարը հավելել է, որ Սաակաշվիլին լավ է զգում, և նրա բոլոր կենսական ցուցանիշները նորմալ են: Բրեգաձեն անդրադարձել է նախկին նախագահի հոսպիտալացման հարցին՝ նշելով, որ նրա անվտանգությունն ավելի լավ կապահովվի բանտային հիվանդանոցում, քան քաղաքացիական, ուր տեղափոխվելու հարցը բարձրաձայնում են Սաակաշվիլին և իր պաշտպանները: