Մոսկվան վճռական է շարունակելու ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով։ Այդ մասին ասված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք վստահ ենք, որ համընդհանուր ճանաչում ունեցող այս ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց, ինչի մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում: Հանդիպման օրակարգում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցերն էին։ Համանախագահների ծրագրերն են՝ այցելել տարածաշրջան և շարունակել շփումները 3+2 ձևաչափով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։