Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քննարկման առանցքում եղել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Վիեննայում ԳՀՀԾ-ի բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարները:
«Կողմերը հանդես են եկել միջուկային գործարքի վերականգնման օգտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանն արժանացած նախնական հավասարակշռված կոնֆիգուրացիայում: Վերահաստատվել է, որ դա համապարփակ պայմանավորվածությունների բոլոր մասնակիցների իրավունքներն ու շահերն ապահովելու միակ ճիշտ ճանապարհն է»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
Նախարարներն անդրադարձել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Գրոսսիի՝ Թեհրան նախատեսվող այցին, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ՝ Աֆղանստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: