2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 6-ը հայտարարեց Պատերազմական և զինված ընդհարումների ժամանակ շրջակա միջավայրի վրա ներգործությունը կանխելու միջազգային օր: Պատերազմում կիրառված թունավոր նյութերի ազդեցությունն առաջին անգամ դիտարկվեց ԱՄՆ-Վիետնամ պատերազմի տարիներին, երբ կիրառվեց Agent Orange քիմիական նյութը: Այն օգտագործում են բուսականությունը ոչնչացնելու համար: Դրա կիրառման հետևանքով անտառազրկումն ու միջավայրի քիմիական աղտոտումը հանգեցրին նոր միջազգային իրավական գործիքների ստեղծման: Դրանցից մեկը «Շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործման արգելման մասին» Ժնևի կոնվենցիան էր: Այն ընդունվել է 1976թ., ուժի մեջ մտել 2 տարի անց:
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի հիմնադրամ
«Շրջակա միջավայրի կարգավիճակը պայթուցիկ զենքերի հասցրած վնասի առանցքային ցուցիչ է: Պատերազմների և հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի շահագործումը բացասական ազդեցություն ունի բարեկեցության, առողջության, կենսամակարդակի և գոյատևման վրա: Շրջակա միջավայրի պաշտպանությունը զինված բախումներից առաջ, ընթացքում և դրանից հետո պետք է ունենա քաղաքական այնպիսի կարևորություն, ինչպիսին մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն է»:
Նոյեմբերի 6-ը նշելու կարևորությունը զգացվեց հատկապես Արցախյան վերջին պատերազմում. միջազգային կառույցներն արձանագրեցին. հայերի դեմ սպիտակ ֆոսֆոր է կիրառվել. եղան զոհեր, այրվեցին անտառներ: Նոյեմբերի 4-ին ԱՄՆ սենատորները պետքարտուղարությունից ու Պենտագոնից պահանջեցին տեղեկություն տրամադրել Արցախյան վերջին պատերազմում սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ:
«Ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան «Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության արտոնությունների ակտի» օրենսդրական փոփոխություններ են ներկայացրել: Դրանք պահանջում են ԱՄՆ պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից՝ տեղեկություն տրամադրել Արցախյան վերջին պատերազմում թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման մասին, նաև պատրաստել համատեղ զեկույց պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների կիրառման, նաև օտարերկրյա վարձկանների օգտագործման վերաբերյալ»:
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Քանի դեռ, երբ գերտերության օրենսդիր մարմնում քննարկում են նշված հանցագործությունների պատճառով Ադրբեջանին նաև ռազմական օգնությունից զրկելու հարցը, այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը նույն մեղադրանքն է ներկայացնում հայերի դեմ: Սաբինա Ալիևան զինված ընդհարումների ժամանակ շրջակա միջավայրի վրա ներգործությունը կանխելու միջազգային օրվա կապակցությամբ դիմել է միջազգային կառույցներին` հայտարարելով, թե իբր հայերը պատերազմի ժամանակ վերջին 30 տարում վնասել են Ադրբեջանի բնությունը:
Ի դեպ, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը Շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործման արգելման մասին կոնվենցիայի կողմ չեն: Թուրքիան կոնվենցիան ստորագրել է 1977-ին, սակայն չի վավերացրել, իսկ Ադրբեջանը միանալու մտադրություն կարծես թե չունի: Այս օրերին Շոտլանդիայում անցկացվում է COP 26 միջազգային ամենամեծ համաժողովը, նոյեմբերի 6-ը հռչակված է Բնության օր. համաժողովին մասնակցում է մոտ 100 երկրի և միջազգային կազմակերպության առաջնորդ: