ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի երդվյալ ատենակալների դատարանը Չինաստանի քաղաքացի Սյու Յանցյունին մեղավոր է ճանաչել արդյունաբերական լրտեսության համար: Այդ մասին հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարությունից, փոխանցում է ТАСС-ը։
Յանցյունին Վաշինգտոնը համարում է ՉԺՀ հետախուզության աշխատակից: Նա մեղավոր է ճանաչվել հանցավոր դավադրության, արդյունաբերական լրտեսության փորձի և գաղտնի տվյալների վաճառքի համար:
Ըստ պետական մեղադրանքի վարկածի՝ Սյու Յանցյունը 2013 թ.-ից ԱՄՆ ավիացիայի աշխատողների հրավիրել է Չինաստան և մեծ հոնորարների դիմաց գաղտնի տեղեկություններ ստացել: Մասնավորապես, 2017 թ. նա փորձել է ստանալ General Electric ընկերության ավիացիոն ստորաբաժանման մշակած ռեակտիվ շարժիչի տեխնիկական փաստաթղթերը, սակայն նրա հետ կապի մեջ եղած աշխատակիցն այդ մասին հայտնել ամերիկյան հատուկ ծառայություններին: Բելգիայում Սյու Յանցյունը հանդիպել է այդ աշխատակցի հետ և ձերբակալվել, որից հետո արտահանձնվել է Միացյալ Նահանգներ:
Չինաստանի քաղաքացուն սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: