Լիրայի շարունակական արժեզրկման հետևանքով Թուրքիայում մի շարք ոլորտներում կտրուկ գնաճ է արձանագրվել։ Թուրքիայի փոստային և հեռագրային ծառաթյունը ևս հայտարարել է ծառայությունների արժեքի բարձրացման մասին, որն ինչպես բողոք, այնպես էլ խուճապ առաջացրեց առանց այն էլ գոյատևման պայքար մղող ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլի շրջանում։
«Մարմարա» օրաթերթը, որն իր անխափան հրատարակությունը շարունակում է ավելի քան ութ տասնամյակ, լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Հրատարակչատան տնօրեն Արի Հատտեճյանի խոսքով՝ անգամ մինչև փոստային ծառայությունների արժեքի բարձրացումը օրաթերթը ֆինանսական բարդ իրավիճակում էր:
Արի Հատտեճյան («Մարմարա» հրատարակչատան տնօրեն) - Մանավանդ նյութական դժվարություններ ունենք։ Երկրի տնտեսական կացությունը, դրան առընթեր մեր համայնքում հայերեն լեզվի նահանջը, երիտասարդների հեռացումը հայերենից, ինտերնետը, օնլայն հրատարակությունները մեր թերթի վրա ժխտական ազդեցություններ են ունեցել, ինչպես բոլոր թերթերի վրա։ Ասոր առընթեր մեր վճարովի ծանուցումները, գովազդները բավական նվազել են և մեր նյութական կարիքներն այլևս չեն բավարարում»։
Հատտեճյանը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրավիճակն ավելի է բարդացել, սակայն շարունակում են իրենց աշխատանքը՝ պահպանելով լավատեսությունը:
Արի Հատտեճյան - Օրհասական պայմանների հետ ենք պայքարում, բայց հուսով ենք, գիտենք, որ հրամայականը թերթի գոյատևումն ապահովելն է, և այդ հույսով շարունակում ենք մեր աշխատանքները։
Չորս էջից կազմված օրաթերթը հրապարակվում է շաբաթական վեց օր՝ բացի կիրակիից։ Փոքր աշխատակազմով գոյությունը շարունակող հայկական թերթը, փոստային ծառայությունների թանկացման պատճառով, բախվել է լուրջ խնդիրների՝ արտերկրում բնակվող բաժանորդներին «Մարմարա» թերթը առաքելու հարցում։
Արի Հատտեճյան - Մեր բաժանորդների կարևորությունը մենք շատ լավ գիտենք։ Հայ թերթերի համար կամ ընդհանրապես փոքրամասնական թերթերի համար բաժանորդները շատ կարևոր են։ Նրանց մեծամասնությունը, ուզելով կամ չուզելով, ստիպողաբար կամ իրենց կամքով ուրիշ երկրներում հաստատված, գաղթած նախկին պոլսեցիներ են։
Հատտեճյանը նշում է, որ արտագաղթած պոլսահայերի համար արմատների հետ կապը կենդանի պահելու լավագույն միջոցը տեղի թերթերի բաժանորդագրումն է, հետևաբար բաժանորդագրման խնդիրը կարևոր է և՛ թերթի, և՛ բաժանորդների համար։ Հատտեճյանը մտահոգություն է հայտնում, որ օրաթերթը չեն կարողանալու առաքել նաև հայաստանյան գրադարաններ, քանի որ դեպի Հայաստան փոստային ծառայությունների արժեքը նույնպես բարձրացել է:
Արի Հատտեճյան - Բայց այսօրվա պայմաններում շվարած ենք, թե ինչ պետք է անենք։ Փոստային ծառայությունները անսովոր հավելում արեցին, Եվրոպայի որոշ երկրների համար հինգ անգամ, վեց անգամ ավելացրին գինը։ Հայաստանը, բոլոր երկրների համեմատությամբ, ամենամեծ հավելումը կրեց։ Հայաստանում մենք սովորական բաժանորդների կողքին ունենք նաև մի շարք գրադարաններ և այլ հասցեներ, որոնց ամեն օր անվճար ուղարկում էինք մեր թերթը։ Բայց էլ այսօր անկարելի դարձավ։
Նույն խնդրի առջև է կանգնել նաև հայերեն և թուրքերեն տպագրվող «Ակօս» շաբաթաթերթը։ Թերթի գլխավոր խմբագիրը պատմում է, որ ամեն շաբաթ արտասահմանում բաժանորդներին ուղարկված թերթի արժեքը կտրուկ աճել է՝ հինգ լիրայից հասնելով երեսունի, որն անելանելի վիճակ է ստեղծել խմբագրատան համար։
Էդվարդ Տանձիկյան («Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) - Ասիկա փոքրամասնության մամուլի համար տնտեսական տեսակետից մեծ խնդիր է, և զորավոր նյութ եղավ մեզ համար։ Արդեն իսկ անցյալ տարվա համավարակի պայմաններում դժվար տարի ունեցանք։ Փոքրամասնության մամուլը տնտեսական առումով խնդիրներ ունի արդեն իսկ։
Տանձիկյանի կարծիքով՝ իրավիճակը բարդ է, և խնդրի լուծման տարբերակ կարող է լինել ազգային փոքրամասնությունների թերթերի համար հատուկ կարգի սահմանումը:
Հեղինակ՝ Վարդուհի Բալյան