Հայաստանի նկարիչների միության այս տարվա ստեղծագործական ծրագրերի նորույթներից մեկն էլ միության նոր նախաձեռնության՝ «Արվեստանոց» պարբերականի հրատարակությունն էր: Միության երկարամյա ավանդույթներից լավագույններին վերադառնալու խոստմանը հավատարիմ՝ ստեղծագործական կառույցում տևական ժամանակ է, ինչ մտածում էին բացառապես կերպարվեստին նվիրված մասնագիտական պարբերական ունենալու մասին:
Դեռ խորհրդային տարիներին Հայաստանի նկարիչների միությունը հայտնի էր գեղարվեստական ուղղվածությամբ պարբերականներով, որոնք ճանաչված էին ոլորտային ուղղությունների բարձրակարգ հրապարակումներով, արվեստաբանական, քննադատական ու վերլուծական հոդվածներով: Ցավոք, նորանկախ Հայաստանում սոցիալ-տենտեսական ու քաղաքական ցնցումների ընթացքում այդ ավանդույթը մոռացության մատնվեց, և գրեթե 3 տասնամյակ միությունը չունեցավ իր պարբերականը: 2021-ի տարեսկզբին նախաձեռնությունը գործնական ընթացք ստացավ, և արդեն տպագրվել է «Արվեստանոցի» 2-րդ համարը:
«Արվեստանոցը» փորձում է համակողմանիորեն ներկայացնել գեղանկարչության ազգային և միջազգային նորությունները, ներկայացնել միության աշխատանքը, նաև տաղանդավոր և հայտնի արվեստագետների գնահատականները: «Արվեստանոցը»՝ արվեստանոցում» խորագրի ներքո պարբերականը ներկայացնում է բուն ստեղծագործական պրոցեսն ու նկարչին՝ իր արվեստանոցում: Այս համարում կարելի է գտնել նաև Երևանի նոր մշակութային հասցեն՝ Ձորաղբյուր, «Ձիթողցյան» ցուցասրահ: Պարբերականը ներկայացնում է այն նոր մշակույթը, որ ձևավորում է Տիգրան Ձիթողցյանը հայաստանյան իրականության մեջ՝ առաջին անգամ ներկայանալով Ձորաղբյուրում իր ստեղծած արվեստանոց-ցուցասրահով: