Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ: Միջնորդության հիմքում դրվեց ««Հայկական ժամանակն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ-ի վճիռը, համաձայն որի արտակարգ դրություն հայտարարելու որոշումը դատական ստուգման առարկա երբեք չի դարձել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ստրասբուրգյան դատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ Քոչարյանի հրամանագրի պատճառով խախտվել են Եվրոպական կոնվենցիայի միանգամից երկու՝ արդար դատաքննության և արտահայտվելու ազատության հոդվածներով նախատեսված իրավունքները։
Գևորգ Բաղդասարյան (մեղադրող դատախազ) - Դատարանն արդեն քննել է Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքների և այնտեղ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացրած ոստիկանական գործողության հանգամանքները և գտել, որ չի եղել որևէ ապացույց առ այն, որ այդ օրը ցուցարարների շրջանում խռովություններ հրահրելու նպատակով բաժանվել է զենք, կամ որ ցուցարարներն են առաջինը հարձակում գործել ոստիկանների վրա:
Շարունակելով՝ մեղադրող դատախազը նշեց՝ Եվրոպական դատարանն այս գործով մեջբերել է Մուշեղ Սաղաթելյանի գործով վճռից հատված, ըստ որի՝ մի շարք արժանահավատ զեկույցներից բխում է, որ ոստիկանները ոչ արդարացված և ավելորդ ուժ են կիրառել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ, և որ ոստիկանների կողմից ցուցարարներին նախապես որևէ հրահանգ չի տրվել ցրվելու:
Գևորգ Բաղդասարյան - Դատարանը նկատում է, որ կառավարությունը սույն գործով չի ներկայացրել որևէ ապացույց, որը կստիպեր կասկածի տակ առնել վերոհիշյալ զեկույցների եզրահանգումները:
Դատարանը նկատել է նաև, որ որևէ ապացույց չկա առ այն, որ մահերից որևէ մեկը վրա է հասել ցուցարարների դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների հետևանքով:
Գևորգ Բաղդասարյան - Դատարանը գտնում է, որ կառավարությունը համոզիչ կերպով չի ներկայացրել և ապացույցներով չի հիմնավորել իր այն պնդումը, որ ընդդիմության ցույցերը, որոնց դեմ տեղի է ունեցել խիստ հագեցված ոստիկանական միջամտություն, կարող է բնութագրվել որպես հանրային բնույթի արտակարգ դրություն, որը կոնվենցիայի 15-րդ հոդվածի իմաստով սպառնալիք է հանդիսանում մարդու կյանքի համար:
Ըստ Բաղդասարյանի՝ որոշմամբ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելու որոշումը նախագահն իրավունք ուներ բացառապես ձեռնարկել չհստակեցված միջոցներ՝ սահմանադրական կարգին սպառնացող կոնկրետ վտանգին արձագանքելու համար:
Գևորգ Բաղդասարյան - Փաստորեն, ՄԻԵԴ-ը վկայակոչված վճռով հաստատել է, որ Քրեական օրենսգրքի 300.1-ին մասով առաջադրված մեղադրանքներում նկարագրված իրադարձությունների ժամանակ արտակարգ դրություն հայտարարելը չի եղել հիմնավորված, անհրաժեշտ և զանգվածաբար խախտել է իրենց բողոքները ներկայացրած անձանց իրավունքները:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատախազության կողմից մատնանշված ՄԻԵԴ-ի վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքարկման եռամսյա ժամկետը դեռևս չի սպառվել։ Ըստ Ալումյանի՝ այն կդառնա վերջնական միայն դեկտեմբերի 21-ին, այն էլ՝ եթե կողմերից մեկը Մեծ պալատ չդիմի։ Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ի վճիռը ներկայացված է ոչ այնպես, ինչպես գոյություն ունի, ապա շարունակելով ընթերցել իր գրավոր հայտարարությունն ու մեջբերելով ՄԻԵԴ-ի վճռից հատվածներ՝ Ալումյանն ասաց.
Հայկ Ալումյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան) - Եվրոպական դատարանի վճռով՝ հաստատված հանգամանքները ևս մեկ անգամ վկայում են նախկինում պարոն Քոչարյանին Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով առաջադրված մեղադրանքի շինծու և անօրինական լինելը:
Ալումյանի հայտարարությունից հետո մեղադրող դատախազը դատարանին ներկայացրեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրությունը, ըստ որի գործը չի փոխանցվել Մեծ պալատ և ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել հոկտեմբերի 8-ին:
Պաշտպանության կողմի մյուս ներկայացուցիչները միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն հաջորդ դատական նիստին։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան