Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այսօր Նոր Նորք վարչական շրջանում էր: Կոշիկի արտադրամասում տեսուչները շրջեցին, փաստաթղթերին ծանոթացան ու հակահամաճարակային կանոնների խախտում չարձանագրեցին: Ուշադրության կենտրոնում պատվաստման կամ թեստավորման հավաստագրերն են:
Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ) - Ընկերությունում անվանացանկ ենք խնդրում տրամադրել, դրան համապատասխան դիտարկում ենք մատյանները և փորձում հասկանալ ովքեր են պատվաստված, ովքեր թեստավորված: Անգամ ունենք ընկերություններ, որոնք երեք անգամ են տուգանքի դաշտ տեղափոխվել, արդեն ոչ թե 150, այլ 200.000 և ավելի գումարով:
Երբ տնտեսվարողն ինքն է պատրաստակամություն ցուցաբերում, աշխատանքն ավելի արդյունավետ է ստացվում,- ասում են տեսուչներն ու արձանագրում՝ քիչ չեն դեպքերը, երբ ստուգայցերը վերածվում են վեճերի: Կոշիկի արտադրամասի ղեկավարը կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ տեսուչներին ամեն օր է սպասում:
Բեգլար Իգնատյան (ընկերության նախագահ) - Հիմնական խնդիրը ոնց որ ամբողջ Հայաստանում ա, նույնն էլ մեր մոտ ա, որ մարդիկ ռիսկ չեն անում պատվաստվեն, որովհետև էդ հակաքարոզչությունը շատ ա խանգարում: Գերակշիռ մասն արդեն պատվաստված են մեզ մոտ:
«Խախտումները նվազել են, բայց դա չի նշանակում, որ վերահսկողությունը պետք է թուլացնել»,- ասում է ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետն ու տնտեսվարողներին հորդորում համաճարակային իրավիճակը երկրում փոխելու համար պահպանել հակահամաճարակային կանոնները:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Նախորդ տարվա համեմատ բնակչությունը, տնտեսվարողները, մեր քաղաքացիներն ավելի շատ են տեղեկացված համաճարակի վերաբերյալ և տնտեսվարողները փորձում են առավելապես պահպանել նորմերը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տնտեսվարողներին հիշեցնում են՝ կապ չունի, թե ի՞նչ ընկերություն է՝ դեղատուն, գրասենյակ, գրախանութ, թե վարսավիրանոց ու կապ չունի, թե որտեղ է՝ քաղաքի կենտրոնում, ծայրամասում, թե նկուղում, իրենք հասցեները լավ գիտեն ու հարկ եղած դեպքում մեկի փոխարեն մի քանի անգամ կարող են այցելել: