Պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամը ազդարարում են ծրագրերի նոր մեկնարկ օդային ռոբոտատեխնիկայի ոլորտում: 2018-ից գործող ուսումնահետազոտական կենտրոնում մասնագետները գիտական հիմքի վրա զարգացնում են հետազոտական ուղղություններն ու անօդաչուների նախագծումը: Օգտագործելով կառավարման ճշգրիտ համակարգեր, նպաստում են սարքերի արդյունավետ թռիչքին:
Հայկանուշ Դարբինյան (ուսումնահետազոտական կենտրոնի գիտաշխատող) - Կատարվում են ուսանողական պրոյեկտներ, որոնց շրջանակում՝ բեռի տեղափոխելը կամ առաքելը անօդաչուի միջոցով, կամ ռոբոտի հետևելը որոշակի մարդկանց, կամ շարժվող այլ օբյեկտներին:
Համագործակցության պայմանագրով վերազինվելու է օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիան, իրականացվելու են համատեղ հետազոտություններ։ Միաժամանակ հագործակցելու են տեղական և միջազգային գործընկերների, համալսարանների հետ: Գաղափարների իրագործման համար օգտագործելու են բոլոր ենթակառուցվածքները, նյութատեխնիկական հնարավորությունները: Խնդիր է դրված է՝ մոտ ապագայում նախագծել և գիտական հիմքի վրա ստանալ նոր արդյունքներ:
Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր) - Արդյունքի առկայությունը կրելու է, այսպես կարելի է ասել՝ մագնիսի էֆեկտը, երիտասարդ մասնագետներին, գիտնականներին հավաքելու է իր շուրջ, և դրա միջոցով է միայն հնարավոր այս ոլորտում որակյալ արդյունքներ ստանալ և ապագայում այդ արդյունքները արտադրության մեջ տեսնել:
Հաշվի առնելով ոլորտի արագ զարգացումը, Հայկ Չոբանյանը կարծում է Հայաստանը ևս մոտ ապագայում աշխարհին կառաջարկի իր սեփական նախագծերը: Առաջնային է ֆինանսավորել գիտահետազոտական աշխատանքները ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններում: Հեռանկարային ծրագրերի համատեքստում պետք է համախմբել համահայկական գիտական ներուժը:
Հայկ Չոբանյան («Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - համոզված եմ, որ մեկ տարի հետո մենք այստեղ կունենանք առնվազն տասնյակ գիտնականներ, և տասնյակ գիտական գործընթացներ, և այս դահլիճը լի կլինի գիտական բովանդակությամբ
Անօդաչու համակարգերի գիտական մշակումներից բացի, ոլորտին հարկավոր են մասնագետներ՝ սարքերի կառավարման բնագավառում: Քարտեզագրություն, նավիգացիա, աէրոդինամիկա, ֆիզիկա տիրապետողները կարող են արագ կողմնորոշվել տեղանքում և խնդիր լուծել: Անօդաչու համակարգերի կառավարման մասնագետը արդի պահանջ է ամբողջ աշխարհում:
Հովիկ Մուսայելյան (ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ) - եթե դու գիտական լուրջ հետազոտություն անես ու պարզվի որ մասնագետ չունես սարքերը կառավարելու համար, պետք է մտածենք դրսից մարդիկ հրավիրենք, փորձեն կառավարել քո հետազոտությունների արդյունքը, ստեղ լուրջ անվտանգության խնդիրներ կան,
Ոլորտի մասնագետները վստահեցնում են՝ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել՝ մեկ հարկի տակ են համախմբել ինժեներական բոլոր ուղղությունները: Օդային ռոբոտատեխնիկան առաջնային է Հայաստանի անվտանգության համար:
Հեղինակ՝ Վահե Դավթյան