Հայաստանում նվազագույն աշխատավարձը մինչև 2026 թվականը 68 հազարից կդառնա 85 հազար դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցի շուրջ այժմ քննարկումներ է անցկացնում ֆինանսների նախարարության հետ, իսկ 2023 թվականին արդեն նախատեսվում են առաջին քայլերը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մենք թիրախներ ունենք սահմանած Կառավարության ծրագրով, և դրանց անպայման հասնելու ենք: Պարտադիր չէ, որ այդ 85 հազար դրամին հասնենք 2022 կամ 2023 թվականին միանգամից. աստիճանաբար բարձրացնելու ենք:
Նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի բարձրացում՝ 2100 դրամով կամ շուրջ 8 տոկոսով՝ դառնալով 28600 դրամ: Դրան հաջորդող տարիներին ևս, նախարարի խոսքով, կենսաթոշակն ավելանալու է: «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը կարծում է՝ թոշակը բարձրացնելով գործադիրը փորձում է մեղմել գնաճի հետևանքները:
Այո 2100 դրամը բավարար քանակություն չէ, բայց պետք է արձանագրել՝ դրական մեկ քայլ է՝ իրավիճակը մեղմելու, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները:
2022-ի համար ոլորտին հատկացվելու է մոտ 580 մլրդ դրամ՝ 2021-ի բյուջեից ավելի շուրջ 15 տոկոսով:
Նախարարության զբաղվածության ծրագրերի արդյունավետության հարցն էլ քննարկմանը բարձրաձայնեց իշխող խմբակցությունից Լենա Նազարյանը: Մեկ տասնյակից ավելի ծրագիր կա, որոնց արդյունավետությունը, իշխանական պատգամավորի գնահատմամբ, պետք է լուրջ քննարկման առարկա դառնա:
Լենա Նազարյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Կա ծրագիր. կոչվում է անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին մասնակի փոխհատուցում անել, և այս ծրագրի շահառուների թիվը շատ քիչ է, այսինքն՝ տեսնում ենք, որ նախարարությունն իրականացնում է ծրագիր, որի շահառուների թիվը չի գերազանցում 100-ը:
Այս ցուցանիշներից ելնելով՝ նախարարությունը մտադի՞ր է արդյոք վերանայել այդ ծրագրերը՝ շարունակեց պատգամավորը, նախարարը հստակեցրեց՝ վարչապետից հանձնարարական կա վերանայել զբաղվածության բոլոր ծրագրերը:
Հաջորդը քննարկվեց Շրջակա միջավայրի նախարարության գալիք տարվա բյուջեն: Այստեղ ֆինանսական հատկացումները կկրճատվեն շուրջ 26 տոկոսով: Ոլորտի պատասխանատուի պարզաբանմամբ՝ պատճառը դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող՝ Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերի պայմանագրային ժամկետի ավարտն է: Մարզերին հատկացվող ֆինանսական միջոցների և սպասվող ծրագրերի մասին քննարկումները շարունակվեցին առանց հարցուպատասխանի: Միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կարճ հավելեց՝ ծրագրեր ամենաշատը նախատեսված են Սյունիքի մարզում: