Արթուր Թադևոսյան (այգետեր) - Սա ռեջինայ է, իտալական սորտ է՝ այնտեղ մշակված, վերցրել են, արմատակալի վրա պատրուս են արել:
Եղվարդի հողերում իտալական կեռասի ինտենսինվ այգի հիմնելու գաղափարը Արթուր Թադևոսյանին հենց իտալացիներն են հուշել: Նախ ուսումնասիրել են միջազգային աղբյուրների բնակլիմայական վիճակագրությունը: Երկու հեկտար ինտենսիվ այգին հիմնել է նախորդ տարվա գարնանը՝ արտերկրում երկար էր ուսումնասիրել ինտենսիվ այգեգործությունը:
Արթուր Թադևոսյան - Նպատակ ունեմ շարունակելու, մեծացնելու. դա էլ կերևա եկող տարվա ծրագրից՝ պետական թե ինչ մոտեցումներ կան, ինչ աջակցություն կլինի:
Այգին հիմնել է պետական սուբսիդավորման ծրագրով: Գնված նոր հողակտորում ևս ինտենսիվ այգի է տնկելու: Պետական աջակցության ծրագիրը բարեփոխվել է՝ ասում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման պատասխանատուն: Այգու հիմնման, ոռոգման արդիական համակարգերի, հակակարկտային ցանցերի սուբսիդավորումից բացի՝ աջակցման ևս մեկ բաղադրիչ է ավելացել:
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Նոր ծրագրով արդեն իսկ սուբսիդավորվում են նաև ջրավազանի կառուցումը և ընդլայնումը: Սա կարևոր է, քանի որ ջրավազանի կառուցումը հնարավորություն է տալիս ոռոգման գործընթացն արդյունավետ կազմակերպել:
Սուբսիդավորման մեխանիզմը արդյունքներ է արձանագրում՝ ասում է ոլորտի պատասխանատուն, վկայակոչում վիճակագրական տվյալները:
Իռա Փանոսյան - Եթե 2018 թվականին այգեհիմնման հայտ է հաստատվել շուրջ 20 հեկտար, 2019 թվականին 50 հեկտար, 2020 թվականին շուրջ 520 հեկտար, ապա 2021 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ 500 հեկտարի այգեհիմնման հայտ է հաստատվել:
Այգեգործության համար վերջին տարիների ծրագիրը գրավիչ է՝ ասում է Արթուր Թադևոսյանը, սակայն առաջարկ ունի բանկերին՝ ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների համար գրավի առարկա համարել հենց այգին, ոչ թե գույքը: Այս դեպքում, վստահ է, այգետարածքներն ավելի կշատանան:
Արթուր Թադևոսյան - Տվյալ գրավները, ինչ որ բանկերը ուզում են, մարդիկ չեն կարող տրամադրել, այգին ինքնին գրավի միջոց է, որը կառուցելուց հետո ավելի թանկ է լինում:
Ընդհանուր առմամբ, 2018-21 թվականների հայտերով մեր երկրում ինտենսիվ այգիները կհասնեն 1100 հեկտարի: Հայտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմողները հետաքրքրված են նաև հատապտղային այգիներով: