ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ։ Դրանցից մեկով պահանջվում է տեղեկություն տրամադրել թուրքական «Բայրակթար» ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Մյուս առաջարկի համաձայն՝ պատկան մարմինները պետք է գնահատեն՝ արդյո՞ք ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից ամերիկյան օրենսդրության խախտում չէ։
Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան, Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։
Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։