Հայաստանում առաջիկայում կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով: Արդարադատության նախարարության կազմակերպած ընդլայնված հանդիպմանը նախարար Կարեն Անդրեասյանը նշեց՝ ակնկալվում է հաջորդ շաբաթ շրջանառության մեջ դնել խորհրդի ձևավորման որոշումը: Հաստատվելու դեպքում՝ 1 ամսում խորհուրդը ձևավորված կլինի:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Մեր մոտեցումը հետևյալն է. ապահովենք ճիշտ պրոցես, ստեղծենք խորհուրդ բոլոր ուժերի ներգրավմամբ, ընտրենք խորհուրդ 5 մասնագետից, և արդեն խորհուրդը իր մասնագիտական հանձնաժողովի հետ կտա պատասխանը՝ Հայաստանը լինի նախագահական թե խորհրդարանական. եթե մնում է խորհրդարանական, ապա ինչպես բալանսավորել:
Մանրամասնում է՝ բոլոր հարցերը պետք է լուծում ստանան, և այդ լուծումները կառավարությունը չէ, որ պետք է տա, այլ ընդդիմությունից, իշխանությունից, հասարակական կազմակերպություններից ու մասնագետներից կազմված խորհուրդը:
Օրակարգային հարցերից առանձնացրեց նաև դատական համակարգի գլոբալ բարեփոխումը:
Օրինակ՝ Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները միավորվեն թե չէ, Վճռաբեկն ու Վերաքննիչը միավորվեն թե ոչ, ունենք ընտրական գործընթացների կարգավորման հարց, պաշտպանության ոլորտի կարևոր հարցեր, գենշտապի և պաշտպանության նախարարի միջև խնդիրներ առաջացան, որոնք սահմանադրական ճգնաժամի մասին էին խոսում:
Ովքեր են լինելու խորհրդի կազմում, և ինչպես է կազմվելու հանձնաժողովը: Անդրեասյանի խոսքով՝ նախորդ չհաջողված փորձից ելնելով՝ նախարարությունն այս անգամ այլ տարբերակ է առաջարկել:
Նախորդ մեր փորձի ժամանակ խորհրդի անդամները հանձնաժողովի մեջ էին և քաղաքական քննարկումները թույլ չէին տալիս անցնել մասնագիտականին, հիմա տրոհում ենք:
Լայն ներգրավվածություն է ունենալու խորհուրդը. 3 խորհրդարանական ուժեր, 3 արտախորհրդարանական ուժեր, 3 հասարակական կազմակերպություն, պետական կառույցներ՝ ԲԴԽ, ՄԻՊ, նախարարություն, ՄԻԵԴ գրասենյակի ղեկավար, և այդ լայն կազմը լինելու է խորհրդինը:
Այսինքն՝ խորհուրդը կազմելու է հանձնաժողով, որը կազմված է լինելու ապաքաղաքական 5 գիտնական- մասնագետից: Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը նշում է՝ Կառավարությունը խորհրդի աշխատանքներում այլ ազդեցություն կամ ներգրավվածություն չի ունենալու:
Աննա Վարդապետյան (վարչապետի օգնական) - Սահմանադրական փոփոխությունները Կառավարության ծրագրում են, և հայեցակարգը, ուզես թե չուզես, գալու է վարչապետի աշխատակազմ՝ քննարկվելու, լրացուցիչ ներգրավվածություն չի լինի:
Մեզնից յուրաքանչյուրը հենց ամենասկզբից որպես ՀՀ քաղաքացի կիմանա, թե ինչի մասին է լինելու փաստաթուղթը:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ՝ հանձնաժողով ու խորհուրդ ձևավորելու տարբերակը կնպաստի, որ Սահմանադրությունը ավելի մոտենա հասարակությանը, ինչը բարեփոխումների հիմնական նպատակներից մեկն է:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ) - Իհարկե, դա շատ բարդ գործընթաց է, քանի որ բարեփոխումները բազմաշերտ են, պետք են տարբեր ուղենիշներ: Կարծում եմ՝ էս մոդելը, որ առաջարկվեց, բավականին արդյունավետ մոդել է:
Ըստ նախագծի՝ ձևավորված հանձնաժողովի անդամների գործունեության ֆինանսավորումը կստացվի ոչ թե պետական բյուջեից, այլ միջազգային գործընկերներից՝ այդկերպ ևս ապահովելով խմբի անկախությունը: Ըստ նախնական ժամկետի՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ կլինի 1,5 տարվա ընթացքում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան