Արևային կայաններ, գյուղատնտեսական մաքուր արտադրանք, թղթյա տոպրակներ և անգամ էլեկտրամոբիլներ: Հայաստանը կանաչ տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ գործուն քայլեր է իրականացնում: Պետական մակարդակով տարբեր հանդիպումների ժամանակ խոսվում է կանաչ տնտեսության զարգացման մասին, նույնիսկ քննարկվում է պետական գնումներում այս ուղղությանը որոշակի մասնաբաժին հատկացնելու մասին: Հայաստանը կանաչ տնտեսություն ունենալու մեծ պոտենցիալ ունի՝ ասում են մասնագետները, որպես օրինակ բերում էլեկտրաէներգիայի խնայողության հնարավորությունը:
Աստղինե Պասոյան (Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն) - Մեր շենքերում, որոնք Հայաստանում ծախսված ամբողջ առաջնային էներգիայի մոտ 40 տոկոսն են օգտագործում, մենք ունենք մինչև 50 տոկոս էներգախնայողության պոտենցիալ:
Կանաչ տնտեսությունը Հայաստանի համար շատ կարևոր է, և սխալ է կարծել, թե դա իրենց կարող են թույլ տալ միայն հարուստ երկրները: Աստղինե Պասոյանի դիտարկմամբ՝ կանաչ տնտեսական լուծումները կարճաժամկետ կտրվածքով հնարավոր է՝ մի փոքր թանկ թվան:
Աստղինե Պասոյան - Ասենք՝ 8-10 տոկոս ավելի թանկ գումար ես ծախսում նույնն բանն անելու համար, բայց ընտրում ես կանաչ լուծումը: Բայց երկարաժամկետ կտրվածքով արդեն ապացուցված է, որ դա բերում է շահագործման և պահպանման ծախսերի նվազեցման:
Կառավարության հնգամյա ծրագրում «Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն» առանձին ենթաբաժին կա, որտեղ սահմանվել են կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ գործադիրի հիմնական նպատակներն ու թիրախները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Լուրեր»-ին հայտնեցին, որ Կանաչ տնտեսություն ձևավորելու Կառավարության առաջնահերթ նպատակն է տնտեսության պատրաստվածության ապահովումը նոր, ցածր ածխածնային էներգետիկ իրականությանը, ինչի իրականացման համար միջոցառումների համապարփակ ծրագիր է մշակվել, մասնավորապես.
Մհեր Գրիգորյանի գրասենյակ - Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի դերի շարունակաբար նվազեցում, դրա փոխարինում վերականգնվող և այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներով,
· Էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքի նախապատրաստում՝ պահանջարկի աճի և կառուցվածքի փոփոխությանը,
· Ենթակառուցվածքների նախապատրաստում այլընտրանքային տրանսպորտին անցնելու համար:
Փոխվարչապետի գրասենյակից նաև հայտնեցին, որ Հայաստանի սահմանափակ բնական պաշարները թելադրում են բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության և առավելագույնս դրա պահպանման կարևորությունը։ Ուստի կանաչ տնտեսության ձևավորման երկրորդ կարևոր նպատակն է լինելու բնական ռեսուրսների առավել երկար պահպանման համար նախադրյալների ստեղծումը:
Աշխարհում ներդրողները ևս կանաչ լուծումները սկսել են ավելի կարևոր համարել և արդեն կան դեպքեր, երբ հայաստանյան բանկերը կանաչ նախաձեռնությունների համար դրսից միջոցներ են ներգրավվել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան