Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է, որ մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։
Ժենյա Ներսիսյանը ծնվել է 1931 թ. հուլիսի 26-ին Երևանում:
Խաղացել է շուրջ 150 դեր։ 1965 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1976 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում: 1995 թվականին Լոնդոնի Գևորգ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։
1996 թվականին անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ անգլերենով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին։ 1997-2002 թվականներին Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 2006 թվականին վերադարձել է Երևան ու հանդես եկել Թ. Ուիլյամսի՝ Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը», Ա. Հաթավեյի՝ «Սիրո և մենության միջև» ներկայացումներում։
2008 թվականին Թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում՝ Օլբիի «Ամերիկյան երազանք» պիեսում։ 2012 թվականին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում հանդես է եկել «Օսկարը և վարդագույն հագուստով տիկինը» մոնոներկայացմամբ։
Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Մովսես Խորենացու մեդալով: