Սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի (հանձնաժողովի) ձևավորման ուղղություններն է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը քննարկել պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակը գերազանցող ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։
Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շարունակական բնույթ կրող քննարկման հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Նախարարությունը, ունենալով բարեփոխումների հագեցած օրակարգ, մեծապես կարևորում ու օգտակար է գնահատում շահագրգիռ կողմերի մասնագիտական աջակցությունն ու հետաքրքրվածությունը։ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին անդամներին՝ հսկայական աշխատանք կատարելու համար և վստահեցրել, որ թողնված մասնագիտական «ժառանգությունը» հաշվի կառնվի նոր գործընթացում։
Կարեն Անդրեասյանը հրավիրվածներին ներկայացրել է Նախարարության առաջարկը՝ կապված խորհրդի, հանձնաժողովի ձևավորման ու գործընթացի կազմակերպման հետ՝ հույս հայտնելով, որ ներկաներին տրամադրված նախագծերը, ստացվող առաջարկների ու դիտարկումների հիման վրա, կբարելավվեն, որից հետո կդրվեն պաշտոնական շրջանառության։ «Մենք առաջարկում ենք ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերի, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ` արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպան: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության իրավաբանների, որոնք կանեն մասնագիտական կարևորագույն աշխատանքը՝ հայեցակարգի, այնուհետև՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակում»,- տեղեկացրել է Կարեն Անդրեասյանը և հավելել, որ Սահմանդրությունը պետք է գրվի ժողովրդի հետ՝ հանրային լայն քննարկումների միջոցով։
«Շատ կարևոր է ոչ միայն ունենալ Սահմանադրության լավագույն տեքստը, այլև ունենալ Սահմանդրության այնպիսի տեքստ, որն ազնվորեն կքվեարկվի ժողովրդի կողմից»,- նշել է նախարար Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելուն կօգնի IDeA հիմնադրամը։
Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը կարևորել է հենց առաջին փուլից հանրությանն այս կարևոր գործընթացի մասնակիցը դարձնելու Արդարադատության նախարարության նախաձեռնությունը և նախագծերով առաջարկվող մոտեցումը՝ ուղղված քաղաքական և մասնագիտական հարթակների տարանջատմանն ու ներառական տեքստի մշակմանը: «Յուրաքանչյուր իրավաբանի համար պետության ամենակարևոր փաստաթղթի վրա աշխատելը ամենամեծ պատիվն է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը ու հաջողություն մաղթել մեկնարկող գործընթացին։
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների նախկին հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի խոսքով, թեև հրապարակված չէ, բայց մինչև 44-օրյա պատերազմը, Հանձնաժողովը բավական մեծ ճանապարհ է անցել, ու դրա արդյունքում ձևավորված եզրահանգումները, ըստ Կիրակոսյանի, կարող են լավ հիմք ծառայել՝ բարեփոխումների հետագա ընթացքն ավելի սահուն անցկացնելու համար։
«Այն մոդելը, որն առաջարկվում է, բավականին արդյունավետ կգործի, քանի որ տարանջատումը՝ մասնագիտական ու քաղաքական բաղադրատարրերի միջև, ճիշտ քայլ է։ Այն հնարավորություն կտա խուսափել որոշակի անելանելի իրավիճակներից»,- շեշտել է Եղիշե Կիրակոսյանը։
Այնուհետև, Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մանրամասներ է ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից, որոնք վերաբերել են Սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացին ու Խորհրդի գործունեության կարգին։
Նախագծերի ներկայացումից հետո ելույթներով ու առաջարկներով են հանդես եկել իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը, իրավաբան-գիտնական Հրայր Ղուկասյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը և նույն ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։
Քննարկմանը մասնակցող Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը հատկանշական է համարել նման կարևոր փաստաթղթի մշակման մեկնարկին այս ձևաչափով միջոցառման կազմակերպումը և վստահեցրել, որ Նիդերլանդները պատրաստակամ է հետևելու ու անհրաժեշտության դեպքում աջակցելու այս գործընթացին։