ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և փոխդեսպան Փիթեր Փալսը:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը մեծապես կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը:
Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որը դեռևս ամբողջությամբ չի իրացվում, և անհրաժեշտ է ստեղծել համագործակցության իրական դաշտ՝ անցնելով կոնկրետ գործողությունների՝ հանդիպումներ, հուշագրերի ստորագրում և այլն:
Վահրամ Դումանյանը կարևորել է համագործակցությունը գիտության ոլորտում՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև գիտության և գիտատեխնիկական ոլորտում հայ-էստոնական կապերը զարգացնելու նպատակով: Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն արդեն իսկ ձեռնարկել է առաջին քայլերը, մասնավորապես կապեր է հաստատել Էստոնիայի հետազոտությունների խորհրդի հետ՝ գիտության ոլորտի բարեփոխումների, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ:
ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդն իր հերթին նշել է, որ կրթությունը նպատակային համագործակցության կարևոր ուղղություններից է: Նա կարևորել է և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ ներկայում Էստոնիայի բուհերում սովորում է ՀՀ 18 ուսանող: Դեսպանի խոսքով՝ Էստոնիայի հանրակրթական համակարգը Եվրոպայում լավագույններից է. այն երեխայակենտրոն և միջառարկայական մոդել է, որը թույլ է տալիս հետագա մասնագիտության վրա կենտրոնանալ դեռևս հանրակրթության մակարդակում:
Ռինա Կալյուրանդը տեղեկացրել է, որ էստոնական մոդելը, օրինակ, կիրառվում է Վրաստանի 15 դպրոցներում՝ այն հարմարեցնելով տեղական առանձնահատկություններին: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել դիտարկել էստոնական մոդելով ՀՀ մի քանի դպրոցներում փորձնական ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
«ՀՀ կառավարությունը կարևորում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, և ներկայում Տավուշի մարզում փորձարկվում են դպրոցական առարկայական նոր չափորոշիչները: Քանի որ դրանք փորձնական փուլում են, հետևաբար պետք է դեռևս կատարելագործվեն: Ադ պատճառով մենք դեռևս ժամանակ ունենք քննարկելու և հասկանալու աշխարհի լավագույն փորձը: Վստահ եմ, որ Էստոնիայի փորձը միանշանակ օգտակար կլինի՝ Հայաստանում փորձարկվող չափորոշիչների հետ համադրելու, այն ինտեգրելու և վերջնական արդյունքը լավագույն մոդելի հիման վրա ձևավորելու տեսանկյունից»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նախարարն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը: Նա նշել է, որ, օրինակ, Տարտուի համալսարանն աշխարհի առաջատար բուհերից է, և կարելի է քննարկել միջբուհական համագործակցության հնարավորությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացի կատարելագործմանը և բարձրագույն կրթության ոլորտում կայուն զարգացման ապահովմանը:
Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ երկու երկրների միջև լավագույն համագործակցությունը կառուցվում է մշակութային կապերի զարգացման միջոցով:
«Հարգելի՛ տիկին դեսպան, թո՛ւյլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել բավականին զգայուն մի խնդրի՝ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությանը: Այս հարցում մենք ակնկալում ենք առաջադեմ մարդկության աջակցությունը, որպեսզի այդ ժառանգությունը լինի պաշտպանված և չաղավաղվեն դրանց պատմությունն ու ծագումը, քանի որ այդ հուշարձանները ոչ միայն հայկական, այլև համամարդկային արժեքներ են: Խնդիրը քննարկել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ. ամեն ինչ արվում է, որ մշակութային ժառանգությունը պահպանվի, սակայն լիահույս եմ, որ մեր բոլոր գործընկերների արձագանքման արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց»,- շեշտել է ԿԳՄՍ նախարարը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև բարեկամական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, և միասին հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների, իսկ փոխհամագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի: