Շուրջ 8 տասնյակ փոքր ու միջին ձեռնարկությունների հիմնադիրներ, որոնք մեկ հարկի տակ էին հավաքվել՝ հասկանալու, թե ինչ և ինչպես կարելի է արտահանել Եվրամիություն և ներմուծել այնտեղից: Խորհրդատվություն, բի-թու-բի հանդիպումներ. հայ բիզնեսմենները «Առևտրի կամուրջներ» ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան մեկնել Եվրոպա՝ տեղում բիզնես-կապեր հաստատելու համար: Երևանում նաև կհյուրընկալվեն բիզնեսմեններ Հունաստանից, Ռումինիայից և Մոլդովայից: Ծրագրի ղեկավար Կարեն Իվանովը նշում է՝ պետք է դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները:
Հայաստանից գյուղատնտեսական ապրանքի զգալի մասն արտահանվում է Ռուսաստան: Մոսկվան և Երևանը գտնվում են տնտեսական ինտեգրացիայի նույն կառույցում, և դա բնական է՝ նշում են ծրագրի ղեկավարները: Սակայն հայկական ընկերություններն ունեն զգալի պոտենցիալ՝ ապրանք արտահանել նաև Եվրամիության անդամ երկրներ: Դա բարդ գործ է, քանի որ առկա են լոգիստիկ խնդիրներ, նաև՝ ԵՄ ներկրվող ապրանքների համար գործում եմ այլ չափորոշիչներ: Սակայն առկա են ոլորտներ և կոնկրետ ապրանքատեսակներ, որոնց պահանջարկը կա մի շարք Եվրոպական երկրներում: Խորհրդատվական ընկերությունը ուսումնասիրել և այսօր ներկայացրել է այդ ցանկը գործարարներին:
Այս ուսումնասիրությունը պետք է թույլ տա հայաստանցի գործարարներին դեպի Եվրամիություն իրականացնել թիրախային արտահանում: Այդպիսի գործարարնեից է Ալեքսանդր Թումասյանը: Գործարարի ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է շոկոլադի արտադրությամբ: Այժմ սկսել են արտադրել փքեցված հնդկաձավարի հատիկ:
Հաջորդ շուկան, ուր ընկերությունը մտադիր է դուրս գալ, եվրոպականն է: Տասնյակ հայ արտադրողներ ուղղակի ծանոթ չեն այդ ուղղությանը: Այժմ, փաստացի, Փոքր և միջին բիզնեսը պետք է գնահատի արտահանման հնարավորությունները և փորձի գտնել եվրոպացի սպառողներ: