ՀՀ-Ն ՀՐԱՎԻՐՎԱԾ Է ԱՄՆ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին Թուրքիան և Ադրբեջանը չեն հրավիրվել. Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է՝ տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը՝ ներկայացնելով հրավիրվածների ցանկի վերաբերյալ Politico-ի հղումը: «Սա կտրուկ, բայց ոչ անակնկալ կշտամբանք է Ադրբեջանի նավթային միապետությանը և Թուրքիայի նեոօսմանական բռնապետությանը՝ նշել է Հայ դատի հանձնախումբը: 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՍՏԵՂԾԵՆ
Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի հանրային կարծիքի և մեդիա դաշտի կառավարումը բարելավելու հարցերով: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ նշելով, որ Թեհրանն իր հարևաններին բարեկամ է համարում և գնահատում է այն սկզբունքները, որոնք միտված են կարգավորել այդ բարեկաման հարաբերությունները: «Որոշ հարցերում կարող են լինել տարաձայնություններ, բայց կարևոր է, որ երկու կողմն էլ ամուր կամք դրսևորեն խոչընդոտները հաղթարահելու հարցում»,- նշել է նա:
ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն Daily Sabah պարբերականին ասել է, որ Անկարան և Վաշինգտոնը կստեղծեն աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի երկու երկրի հարաբերություններին խանգարող վիճահարույց խնդիրներով: Նախարարի փոխանցմամբ՝ այդ խմբի օրակարգում կլինի նաև ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը, որը խստորեն քննադատել են թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները: «Մենք կձևավորենք այդպիսի խումբ, ժամանակին այդ առաջարկը փոխանցել ենք ԱՄՆ-ին, հիմա էլ նրանց կողմից՝ նախագահ Ջո Բայդենից է եկել նման առաջարկ»,- ասել է Չավուշօղլուն: Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հռոմում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում:
ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է
Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը վատթարանում է: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան՝ նշելով, որ հացադուլի հետևանքով նախկին նախագահն ունի հաղորդակցման և հիշողության խնդիրներ։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին հրաժարվում է բժիշկների խորհրդատվությունից, քանի դեռ չի թույլատրվել այլընտրանքային բժշկական հանձնաժողովի ստեղծումը։
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՀԵՌԱԿԱ ՆԻՍՏ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն տեսակապի միջոցով Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ են անցկացրել, որի ընթացքում հաստատել են ինտեգրման խորացման փաստաթղթերի փաթեթը: Դրանք «2021-2023 թթ. Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրագործման հիմնական ուղղություններն են», որոնք ներառում են ոլորտային 28 ճանապարհային քարտեզ, նորացված ռազմական դոկտրինը և Միութենական պետության միգրացիոն քաղաքականության հայեցակարգը:
ԼԻՏՎԱՆ ՍԿՍՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Լիտվան սկսում է եվրոպական առաջին պատի կառուցումը, որը կկանգնեցնի Բելառուսից ներգաղթյալների հոսքը: ԵՄ-ն Բելառուսին մեղադրում է միգրանտներին Բելառուսի տարածքով ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Լիտվա և Լատվիա մուտք գործելու միտումնավոր մղելու համար՝ որպես դաշինքի վրա ճնշում գործադրելու միջոց։ Բելառուսը հերքում է մեղադրանքը, բայց Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկիրն այլևս չի կանգնեցնի միգրանտներին, քանի որ ԵՄ պատժամիջոցները սպառում են ռեսուրսները: