Բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում, փորացավ... Նման գանգատներով երեկ օրվա երկրորդ կեսից Ինֆեկցիոն ազգային կենտրոնը հոսպտալացրել է 15 հիվանդի՝ բոլորը նույն ախտանշաններով:
Ռիմա Այվազյան (Ինֆեկցիոն ազգային կենտրոնի մեծահասակների բաժանմունքի վարիչ) - Ախտորոշվել է որպես սուր աղիքային վարակ: Ունեցել են սուր գաստրոէնտերիտի պատկեր: Երեքը երեխա են, մյուսները՝ մեծահասակ: Բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում. 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցում գտնվող կետում: Այսօր առավոտյան արդեն սննդի կետերը չէին գործում, այնտեղ նմուշառում էին իրականացնում ՍԱՏՄ տեսուչները:
Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Ներկայումս ուսումնասիրվում է ամբողջ հումքը և պատրաստի արտադրանքը, որոնք առկա են հանրային սննդի կետում, պետք է իրականացնենք նմուշառումներ:
Ճշտվում են սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող էին հավանական թունավորման պատճառ դառնալ՝ ասում է սննդամթերքի անվտանգության ՍԱՏՄ պատասխանատուն: Թունավորման պատճառը սնունդն է թե ոչ՝ պարզ կդառնա մանրէաբանական լաբորատոր հետազոտությունից հետո: Օրական 2000-3000 հաճախորդ ունենք, և նման դեպք դեռ չի արձանագրվել՝ տեսախցիկից այն կողմ հայտարարեց սննդի կետի մենեջերը: Չի բացառվում, որ թունավորման պատճառը երկրորդային վարակի աղբյուր լինի՝ ասում է ՍԱՏՄ պատասխանատուն: Ստուգվում է նաև աշխատակիցների առողջական վիճակը:
Վահե Դանիելյան - Բոլոր աշխատակիցներից վերցվել են լվացուկներ, քսուքներ, և դրանց լաբորատոր քննության պատասխանները համադրելով մեր կողմից ստացված պատասխանների հետ և արդեն իսկ թունավորված քաղաքացիներից անջատված մանրէների հետ՝ կկարողանանք փաստել՝ կա սննդայի՞ն թունավորում, թե՞ այլ պատճառ է:
Բարեբախտաբար, հիվանդների վիճակում նկատվում է որոշակի կայունացում՝ ասում է Ինֆեկցիոն կենտրոնի բժիշկը: Սննդի հետ կապված լաբորատոր փորձաքննության արդյունքները կստացվեն մեկ շաբաթվա ընթացքում: