Կրթական գերատեսչությունն ամփոփել է ուսուցիչների կամավոր ատեստավորման բողոքարկումները: Արդյունքում՝ հավելավճար ստանալու իրավունք է ձեռք բերել ևս 13 ուսուցիչ: Ընդհանուր առմամբ՝ այդպիսի ուսուցիչների թիվը հասել է 481-ի:
Քննությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ 254 դիմում է ստացվել: Դրանցից 65-ը վերաբերել են քիմիային: Ի դեպ՝ ամենացածր արդյունքը հենց այս առարկայից էր գրանցվել: Գիտելիքի շնորհիվ հավելավճարի իրավունք էր ստացել մասնակից ուսուցիչների ընդամենը 11 տոկոսը: Քիմիայի ուսուցիչների ատեստավորման թեստերն ուսումնասիրել է նաև ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դասախոսական կազմը և իր դիտարկումները հասցեագրել նախարարին:
Կարո Նասիբյան (Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն) - Վերջերս ԳԹԿ թեստաբանը և հանձնաժողովի մյուս անդամները հանդիպել են քիմիայի ֆակուլտետի դասախոսական կազմի հետ, արդյունքում՝ եկել են եզրահանգման, որի արդյունքներն արդեն հասել են քիմիայի թեստ գրողներին:
Իսկ թե բողոքարկման ընթացքում արդյունքների բարելավում ունեցած 13 ուսուցիչներից քանիսն են քիմիա դասավանդում, ասաց՝ ըստ առարկաների չեն տարանջատել:
Կարո Նասիբյան - 15 հոգի գրել են առաջին թեստը, բողոքարկել են երրորդ տարբերակը, 14 հոգի գրել են երկրորդ տարբերակը, բողոքարկել են երրորդ տարբերակը, 15 հոգի գրել են չորրորդ տարբերակը, բայց բողոքարկել են երրորդ տարբերակը: Ուրիշ բան ասեմ. ուսուցիչը չի մասնակցել գրավոր աշխատանքին, բայց նույն բողոքարկումը գրել է. 3 ուսուցիչ:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Առաջին նպատակը, որ մենք փորձում էինք իրագործել, իրավիճակի ախտորոշումն էր: Այսինքն՝ հասկանալն էր, թե ինչպիսի մասնագիտական զարգացման խնդիրներ ունեն մեր ուսուցիչները, և ինչ աշխատանքի ծավալ ունենք մենք անելու: Կարծում եմ, որ առաջին նպատակը մենք ամբողջությամբ իրագործել ենք, որովհետև այն ծավալի տեղեկատվությունը, որ մենք ստացանք այս գործընթացից, մեզ բոլորիս տալիս է խորհելու շատ առիթներ:
Կամավոր ատեստավորման փորձնական այս գործընթացը նախատեսված էր 7-12-րդ դասարաններում դասավանդվող մի քանի առարկաների ուսուցիչների համար: Գործընթացին մասնակցել է թիրախային խմբի շուրջ 1000 ուսուցիչ կամ այդ ուսուցիչների 11 տոկոսը: Մասնակիցների գրեթե կեսը հաղթահարել է սահմանված շեմը և ստացել հիմնական աշխատավարձի հավելում ստանալու իրավունք՝ 30, 40 կամ 50 տոկոսի չափ:
Փորձնական այս ատեստավորման թերություններն ու առավելությունները հաշվի առնելով՝ կարգը կլրամշակվի, և հաջորդ տարի արդեն գործընթացը համընդհանուր ընդգրկում կունենա:
Հեղինակ՝ Աննա Զախարյան