ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին, հայտարարեց, թե հանրության մեջ խոշորացման գործընթացի նկատմամբ բացասական վերաբերմունքի բացատրություններից մեկն էլ այն է, որ խոշորացման հետևանքով բնակավայրերը դատարկվում են:
«Երիտասարդ ընտանիքները լքում են փոքր բնակավայրերը»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց.
«Խոշորացման ամբողջ պրոցեսի գաղափարն այն է, որ մենք արտագաղթի դեմն առնենք: Խոշորացումը գնում է նրան, որ սահմանամերձ փոքր գյուղը ոչ մի կերպ չդատարկվի, խմելու ջուր ունենա, մանկապարտեզ ունենա, տրանսպորտ ունենա և այդպես շարունակ:
Ի՞նչն է դատարկվում խոշորացվող գյուղերում: Գործող որոշ համայնքապետեր սկսել են դատարկել խոշորացվող համայնքների գյուղապետարանների դարակները: Հորդորում և պահանջում եմ՝ ոչինչ չդատարկեն: Դա նրանց տունը չէ, նրանց թղթերը չեն, համայնքի թղթերն են, թող ոչ մեկն իր հետ ոչինչ չտանի»: