Այս ոտնահետքերը տանում են երեխաների զարգացան, ֆիզիկական ակտիվության կենտրոն, որի ստեղծումը Նաիրայի վաղեմի գաղափարն էր: Ինչպես սկսել բիզնես, կազմել բիզնես-նախագիծ ու այն իրականություն դարձնել: Ձեռներեց դառնալու հարցում նրան օգնեց աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության ծրագրի շահառու դառնալը:
Նաիրա Նորսոյան (Երեխաների զարգացման, ֆիզիկական ակտիվության կենտրոնի ղեկավար) - Հիմա արդեն ունենք հիմնական հաճախող բալիկների խումբ, որոնք արդեն ամիսներ շարունակ, և ես վստահ եմ, դեռ ամիսներ և տարի՝ մինչև դպրոցահասակ կդառնան, կհաճախեն մեզ մոտ:
Ամեն ինչ երեխաների մտավոր ու ֆիզիկական զարգացման համար՝ հեքիաթաթերապիայից մինչև մարզումներ: Նաիրան վստահ է՝ քայլ առ քայլ կիրագործի նաև մյուս ծրագրերը, օրինակ՝ կենտրոնում մանկական լողավազան ունենալը:
Նաիրա Նորսոյան - Շարժիչ ուժ հանդիսացավ հենց բիզնես-պլան կազմելու, իրագործելու դասընթացը: Այն ավելի նպատակաուղղված դարձրեց, և ավելի լավ հասկացա, թե ինչ եմ ուզում և ինչպես կարող եմ դա իրագործել:
Ձեռնարկատիրական գործունեության աջակցության ծրագրի նպատակը ինքնազբաղվածության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումն է: Գործազուրկի կարգավիճակ ունեցողները, դիմելով ծրագրին, մասնակցում են դասընթացների: Լավագույն, իրատեսական բիզնես-ծրագրեր ունեցողներն ստանում են պետական աջակցություն: 2020-ին ծրագրից 51 մարդ է օգտվել:
Ռուբեն Սարգսյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - 51-ից բացի ևս 6 հոգու համար աշխատատեղ է ստեղծվել, որովհետև ծրագրի միջոցով հնարավոր է աշխատող էլ գտնել:
Ծրագրերն իրականացվում են տարբեր ոլորտներում՝ լեզվի կենտրոններից մինչև մսամթերքի մշակման կենտրոններ: Մեկ ծրագրին հատկացվում է առավելագույնը 1 միլիոն 350 հազար դրամ: Աջակցությունը տրվում է մի քանի ուղղությամբ:
Ռուբեն Սարգսյան - Առաջին բաղադրիչը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր, պարագաներ գնելու համար 50 տոկոսի ֆինանսավորում ենք տալիս 500 հազար դրամից ոչ ավելի: Առանձին ֆինանսավորում ենք նաև աշխատավարձ, եթե աշխատող է վերցնում, բայց ոչ ավել, քան 34 հազար դրամ, այսինքն՝ նախատեսում ենք, որ 25 տոկոսը մենք կփակենք: Պետությունը նաև օժանդակություն է տալիս որոշակի սահմաններում տարածքի վարձակալության համար: Նշեմ, որ երկու ֆինանսական ուղղությունները մեկ տարվա կտրվածքով է նախատեսվում:
Օժանդակություն է ցուցաբերվում նաև հարկերը վճարելիս: Այս տարի ծրագիրը չի ֆինանսավորվել, քանի որ նախատեսված գումարը հատկացվել է Հայաստանի տարածքում արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանը, բայց 2022-ին շարունակվելու է: Նախատեսվում է, որ ծրագրից հնարավորություն կունենա օգտվել 33 շահառու: Մասնակցելու համար պետք է դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն: