Աշխարհի ծայրահեղ հարուստ մարդիկ ապրում են «բնապահպանական վանդալների» պես՝ ստեղծելով կլիմայի համար ավելի շատ վնասակար ջերմոցային գազեր, քան երկրագնդի ամենաաղքատ մարդկանց 50 տոկոսը՝ հայտարարել են են Oxfam կազմակերպության բնապահպանները՝ գրում է DW-ն:
Համաձայն նրանց տեղեկության՝ երկրագնդի բնակչության աղքատ կեսի՝ մեկ անձի հաշվով արտանետումների մակարդակը 2030 թվականին կմնա գլոբալ տաքացման նպատակային սահմանից՝ 1,5 աստիճանից ցածր: Մինչդեռ սպասվում է, որ ամենահարուստ մարդկանց տասը տոկոսի մոտ մինչև 2030 թվականը այդ մակարդակը կավելանա ինը անգամ, գերհարուստների մեկ տոկոսի դեպքում՝ 30 անգամ:
Հետազոտությունը ներկայացվել է Oxfam-ի կողմից Գլազգոյի կլիմայի համաշխարհային համաժողովում:
Oxfam-ի տվյալներով՝ մինչև 2030 թվականը մոլորակի ամենահարուստ մարդկանց մեկ տոկոսին բաժին կընկնի գլոբալ արտանետումների ընդհանուր ծավալի 16 տոկոսը:
Ըստ Oxfam-ի կլիմայի փորձագետի, միլիարդատերը մեկ տիեզերական թռիչքի ընթացքում ավելի շատ արտանետումներ է արտադրում, քան աշխարհի ամենաաղքատ մարդկանցից յուրաքանչյուրը ողջ կյանքի ընթացքում:
Փորձագետները համոզված են, որ ազգային կառավարությունները պետք է քաղաքական միջոցներ ձեռնարկեն՝ ուղղված ծայրահեղ հարուստներին. «CO2-ի արտանետման սահմանափակումը վերաբերում է ինչպես շքեղ ապրանքներին՝ մեգա զբոսանավերին, մասնավոր ինքնաթիռներին և մասնավոր տիեզերական ճանապարհորդություններին, այնպես էլ կլիմայական ինտենսիվ ներդրումները զսպելուն»:
Oxfam-ի ուսումնասիրություններում գերհարուստ են համարվում նրանք, ովքեր տարեկան վաստակում են առնվազն 172 հազար դոլար (149 հազար եվրո):