Բանկերում բնակչությունն ու բիզնեսը հոկտեմբերի 1-ի դրությամբ 3,9 տրիլիոն դրամ փող ունեն դրած։ Որպես ավանդ ձևակերպվող խնայողությունների ծավալը 2020-ի պատերազմից ու կորոնաճգնաժամից հետո նորից սկսել է աճել՝ փաստում են Հայաստանի բանկերի միությունում։
Արման Սարգսյան (ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ) - Ավանդների աճը եղել է 3,9 տոկոս կամ 149 մլրդ դրամի չափով:
Արդյոք նախորդ տարվա ծանր փուլում, այսպես ասած, «բանկերից փախած կապիտա՞լն է վերադառնում»՝ դեռ պետք է վերլուծվի։ Ինը ամսվա վիճակագրությունը, սակայն, պնդում է, որ ֆինանսական շուկան հիմա էլ վատ վիճակում չէ․ բանկերի ակտիվների հանրագումարը հասել է 6,9 տրիլիոնի՝ համարժեք դարձել երկրի ՀՆԱ-ին։ Ավելացրել են թողարկած արժեթղթերի ծավալը, շահույթի աճ ունեն։ Այս ընթացքում հիմնականում Ռուսաստանից ու ԱՄՆ-ից բանկային համակարգով այնքան տրանսֆերտներ են փոխանցվել, որքան անցած ամբողջ տարում։ Հիմնական ցուցանիշներից կրճատվել է տրամադրվող վարկերի ծավալը։
Արման Սարգսյան - Վարկային ներդրումների մասով ունեցել ենք նվազում 6,7 տոկոսի չափով:
Հենց այստեղ է, որ՝ բանկային համակարգը հայելու պես արտացոլում է տնտեսության խնդիրները․ վարկերի աճ կա միայն գյուղոլորտում ու շինարարությունում, բանկերը 22 տոկոսով շատ հիփոթեք են տվել, փոխարենը 18 տոկոսով քիչ վարկ են վերցրել արդյունաբերական ընկերությունները, առևտրի բաժինն ու սպառողական վարկերը միջինը 10-ը տոկոսով կրճատվել են։ Իրենց թվերը բիզնեսի պահանջարկից են կախված՝ բացատրում են Բանկերի միությունում։ Կանխատեսում են՝ վարկային կառուցվածքը կփոփոխվի նաև, երբ ուժի մեջ մտնի եկամտային հարկի վերադարձի արտոնությունը սահմանափակելու Կառավարության որոշումը։
Սեյրան Սարգսյան (ՀԲՄ գործադիր տնօրեն) - Իհարկե, օրենսդրության փոփոխությունը բերելու է փոփոխությունների, այսինքն՝ հիփոթեքը կարող է նվազել, մեկ այլ ճյուղում ավելանալ:
Սեյրան Սարգսյանն ընդունում է, որ պատերազմի ու կորոնայի պատճառով առաջացած սոցիալական խնդիրներից հետո բանկերը, այո, մի քիչ ավելի զգուշավոր են դարձել վարկ տալիս։ Իսկ ինչո՞ւ են վերջին շրջանում բոլորը դոլարի նույն կուրսը սահմանում, ասես հրամանի ենթարկվեն, երբ նախկինում բավական ակտիվ մրցակցում էին արտարժույթի շուկայում՝ հարց ուղղվեց միության գործադիր տնօրենին։
Սեյրան Սարգսյան - Չեմ կարծում՝ էդ մասով թելադրանք լինի բանկերին: Ինչ վերաբերում է նման լինելուն, անորոշության պայմաններում մարժան մեծանում է, շուկայից ստացվող ազդանշանները դիլերների կողմից միանման են լինում՝ 1 դրամի ճշտությամբ:
Մամուլի ասուլիսին նաև սպառողների դժգոհություն հնչեց գործարքների համար բանկերի սահմանած բարձր միջնորդավճարներից․ օրինակ՝ ՃՈ տուգանքն ընդունելիս բանկ կա՝ 500 դրամ է գանձում։ Առևտրային կազմակերպություն են, միությունը չի կարող նրանց ասել՝ փոխեք այս կամ այն ծառայության սակագինը՝ հնչեց պատասխանը։
Սեյրան Սարգսյան - Եթե բոլորը չեն գանձում՝ դրա վրա ազդելու լավագույն տարեբրակն այն է, որ դուք օգտվեք այն բանկից, որ ավելի մատչելի է ձեզ ծառայություն մատուցում:
Պահպանողական բանկերի վարքն այս հարցում գուցե փոխի անընդհատ ավելացող անկանխիկ շրջանառությունը․ քարտով, ՊՕՍ-տերմինալով կամ էլեկտրոնային կատարվող գործարքների համար եթե միջնորդավճար կա էլ, բանկերից հաստատ քիչ է: