Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում շուրջ 390 միլիոն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում: Բարեկարգվում է Աշտարակի Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգին, Մուղնի թաղամասում կառուցվում է նոր պուրակ-խաղահրապարակ:
Քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ լայնածավալ աշխատանքներ: Մուղնի թաղամասում կառուցվող պուրակի աշխատանքների մեկնարկը ևս արդեն տրվել է: Ծրագրի արժեքը 83 միլիոն դրամ է, որի 30%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրով Աշտարակ քաղաքում իրականացվող ասֆալտապատման և լուսավորության համակարգի կառուցման աշխատանքների ընթացքը կներկայացնենք հաջորդիվ: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: