Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր շարունակվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը: Նախորդ նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել Առուշանյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:
Դատարանը որոշել է թույլատրել տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ պահպանել հեռախոսազանգերի արգելքը: Պաշտպանները նաև միջնորդել էին Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխել, ինչը, սակայն, դատարանը մերժել է:
Այսօրվա նիստում մեղադրող դատախազն էլ միջնորդել է հօգուտ պետության բռնագանձել այլ գործով Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 2 միլիոն դրամ գրավը, քանի որ դրանից հետո Առուշանյանը ենթադրյալ հանցանք կատարելով՝ խախտել է խափանման միջոցի պայմանը:
Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է բավարարել միջնորդությունը: Գումարը կփոխանցվի պետական բյուջե: Այս որոշման հրապարակումից հետո Առուշանյանի պաշտպանները փորձել են դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն աշխատանքային ժամի ավարտի հիմքով դատական նիստը հետաձգվել է: