Ադրբեջանի խորհրդարանն այսօրվա նիստում զանգվածային համաներում հայտարարելու մասին որոշում է ընդունել։ Միլի մեջլիսի փոխնախագահ Ալի Հուսեյնլիի խոսքով՝ համաներումը կտարածվի մոտ 16-17 հազար դատապարտյալի վրա, որոնցից 3 հազարը կարող են ազատ արձակվել։ Համաներում ընդունելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Իլհամ Ալիևը:
Համաներման մասին որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին։
*****
ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին Թուրքիան և Ադրբեջանը չեն հրավիրվել. Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է: Տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը՝ ներկայացնելով հրավիրվածների ցանկի վերաբերյալ Politico-ի հղումը:«Սա կտրուկ, բայց ոչ անակնկալ կշտամբանք է Ադրբեջանի նավթային միապետությանը և Թուրքիայի նեոօսմանական բռնապետությանը»,- նշել է Հայ դատի հանձնախումբը: 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը:
*****
Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի հանրային կարծիքի և մեդիա դաշտի կառավարումը բարելավելու հարցերով: Հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ նշելով, որ Թեհրանն իր հարևաններին բարեկամ է համարում և գնահատում է այն սկզբունքները, որոնք միտված են կարգավորել այդ բարեկաման հարաբերությունները: «Որոշ հարցերում կարող են լինել տարաձայնություններ, բայց կարևոր է, որ երկու կողմն էլ ամուր կամք դրսևորեն խոչընդոտները հաղթարահելու հարցում»,- նշել է նա:
*****
Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հաստատել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցի մահվան մասին մամուլում հրապարակված լուրը։ «Այդ միջադեպը նախարարությանը հայտնի է, բայց ես չեմ կարող որևէ մանրամասներ հաղորդել՝ հաշվի առնելով անձնական տվյալների ու տեղեկատվության պաշտպանությունը»,- ասել է Բուրգերը լրագրողներին։ Ավելի վաղ Spiegel-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանի դեսպանության աշխատակիցը դուրս է ընկել դեսպանատանը պատկանող բարձրահարկ շենքի պատուհանից։