ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, խոսելով Թուրքիայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման մասին, շեշտել է, որ ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում հստակ է: Փրայսը հիշեցրել է, որ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ Հռոմում G20-ի գագաթնաժողովի ժամանակ իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին է փոխանցել Վաշինգտոնի մտահոգությունն Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Իսկ այսօր «Բլումբերգ» գործակալությունը գրել է, որ Թուրքիան հերքել է այն պնդումները, թե իր գնած ռուսական հրթիռները տեղափոխել է ՆԱՏՕ-ի բազա, որը ծառայում է որպես ԱՄՆ-ի միջուկային զենքի պահեստ:
*****
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհի երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և այլևս մտադիր չէ քննարկել այդ հարցը: Ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ Զուրաբիշվիլին նշել է, որ նախկին նախագահին քաղբանտարկյալ չի համարում։ «Նրա ժամանման նպատակը եղել է երկրի ապակայունացումը»,- ասել է նախագահը: Միևնույն ժամանակ, նա երկրի արդարադատության նախարարությանը կոչ է արել Սահակաշվիլուն «հատուկ բանտարկյալ» համարել և հոգ տանել առողջության մասին, որպեսզի նրա վիճակի վատթարացումը շահարկումների և երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի առիթ չդառնա:
*****
Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հաստատել է մոլնուպիրավիրի՝ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի կիրառումը: Բրիտանիայի Դեղորայքային միջոցների և բժշկական նշանակության արտադրանքի հսկողության գործակալությունը հայտնել է, որ դեղամիջոցն անվտանգ է և արդյունավետ COVID-19-ի դեմ տարվող բուժման ընթացքում և խորհուրդ տվել կիրառել այն՝ կորոնավիրուսի հաստատումից և ախտանշանների ի հայտ գալուց հետո՝ 5 օրվա ընթացքում: Բրիտանիայի առողջապահության նախարարն այս օրը պատմական է որակել երկրի համար:
*****
Եվրոպայում COVID-19-ի հետ կապված իրավիճակը վատթարանում է. կորոնավիրուսի տարածման տեմպը շարունակում է աճել: Դեղերի եվրոպական գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ ավելացել են նաև մահվան դեպքերը: Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպը խիստ մտահոգիչ է բնորոշել ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը. նրա խոսքով՝ որոշ երկրներում անգամ հակառեկորդներ են գրանցվել: Հանս Կլյուգեն առաջարկել է հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պայքարի նոր ռազմավարություն մշակել: