«ՕՊԵԿ+»-ի անդամ երկրների նախարարները միաձայն որոշել են հետևել նախապես ընդունված ծրագրին և նավթի արդյունահանումը չավելացնել նախատեսվածից ավելի։ Կառույցն այդ որոշումը բացատրում է ապագայում պահանջարկի նվազման կանխատեսումներով՝ հայտնում է Interfax-ը։
Նավթի գինը տարեսկզբից բարձրացել է մոտ 1,6 անգամ՝ 1 բարելի դիմաց 50 դոլարից հասնելով 80-ի: Դա առաջացրել է սպառողների մտահոգությունը, որոնք փորձում են համաճարակից հետո վերականգնել տնտեսական աճը: Նավթի խոշորագույն սպառողները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Միացյալ Նահանգները, արդյունահանումն ավելացնելու խնդրանքով դիմել են «ՕՊԵԿ+»-ի երկրներին, որոնք կարգավորում են նավթի արդյունահանումը՝ շուկան հավասարակշռելու համար։
«ՕՊԵԿ+»-ը հուլիսից սկսած աստիճանաբար ավելացնում է նավթի արդյունահանումը օրական 400 հազար բարելով և ամեն ամիս կազմակերպում է հանդիպում շուկայի իրավիճակին հետևելու համար: