Նիդերլանդների Գերագույն դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռուսաստանի կողմից ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին ավելի քան 50 մլրդ դոլար վճարելու մասին, և գործն ուղարկել Ամստերդամի վերաքննիչ դատարան՝ հայտնում է РИА Новости-ն։
«2020 թվականին Հաագայի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց 2014 թվականի արբիտրաժային վճիռը, որը Ռուսաստանին պարտավորեցնում էր մոտավորապես 50 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում վճարել ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության երեք նախկին խոշոր բաժնետերերին: Սակայն այսօր Նիդերլանդիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Վերաքննիչ դատարանի վերջնական որոշումն ու դատարանի նախորդ որոշումը։ Գործն ուղարկվել է Ամստերդամի վերաքննիչ դատարան՝ այս հիմքով նոր որոշում կայացնելու համար։ Մնացած հիմքերը մերժվել են»,- ասվում է դատարանի կայքում։
2014 թվականին Հաագայի արբիտրաժային դատարանը մասնակի բավարարել էր ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի հայցը և Ռուսաստանին պարտավորեցրել նրանց վճարել մոտ 50 միլիարդ դոլար։ Ռուսաստանը վիճարկեց այս որոշումը, և 2016 թվականի ապրիլին Հաագայի շրջանային դատարանը այն անվավեր ճանաչեց։ Սակայն 2020 թվականի փետրվարին Վերաքննիչ դատարանը կրկին անցավ բաժնետերերի կողմը, և փոխհատուցման չափն ավելացրեց մինչև 57 միլիարդ դոլարի:
Նույն թվականի մայիսին ՌԴ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Ռուսաստանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիդերլանդների Գերագույն դատարան՝ պահանջելով չեղարկել Հաագայի վերաքննիչ դատարանի որոշումը։