ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Մեծ Բրիտանիայի պառլամենտի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը՝ հայտնել է Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախումբը: Նախագիծը ներկայացրել է պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոու-թընը։ Եթե նախագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը՝ նշել է Հայ դատի հանձնախումբը:
ԲՐԻՍ ՌՈՔՖԵՅԸ՝ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ
Բրիս Ռոքֆեյը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։ Այս պաշտոնում նա կփոխարինի Ստեֆան Վիսկոնտիին, որը համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 5 տարի՝ 2016 թվականի հոկտեմբերից։ Մինչ նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյը ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը, ավելի վաղ Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում և գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։ 2000-ականների սկզբին և կեսերին Բրիս Ռոքֆեյը Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատների քաղաքական խորհրդական էր:
ՀՀ-ՌԴ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային գործակցության 2022-27 թթ. ծրագրին: Նշվում է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության այս առաջարկը քննարկվել է Դաշնության արտգործնախարարության և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ: Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է Ռուսաստանի կառավարության անունից Հայաստանի հետ ստորագրել միջտարածաշրջանային գործակցության 2022-27 թվականների ծրագիրը: