2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը։
Ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Մերաբ Տուրավան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել պաշտոնական այց կատարելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու բարձր մակարդակի շփումները երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով և դիտարկելու համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը: