Հայաստանի սպիտակ բանակը շարունակում է պայքարել քովիդի դեմ: Առողջապահական մարտահրավերը հաղթահարելու համար բժիշկներն աշխատում են գրեթե 24 ժամ:
Գագիկ Համբարձումյան, վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր - 24 ժամ, ինչպես պատերազմի ժամանակ, նույն ձև պատերազմ է, որը տանում ենք, բոլոր բուժաշխատողները, քույրերը, մայրապետները, բժիշկները:
Երևանում ու մարզերում 28 բուժհաստատություն՝ մասնակի կամ ամբողջությամբ, վերապրոֆիլավորվել է և բուժօգնություն է ցուցաբերում կորոնավիրուսով հիվանդներին: 13-ը մարզային հիվանդանոցներ են, ավելի քան 3000 մահճակալային ֆոնդից 450-ը նախատեսված է վերակենդանացման ծառայությունների համար:
Լիանա Բարսեղյան, ՀՀ ԱՆ հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ - Ունենք բուժհաստատություններ, որոնք ամբողջությամբ չեն պրոֆիլավորվել, այլ վերապրոֆիլավորված են բաժանմունքներ, քանի որ հաստատությունները պետք է ապահովեն իրենց բնականոն աշխատանքը, ապահովեն այլ պրոֆիլով հիվանդ պացիենտների հիվանդանոցային բուժօգնությունը, պլանային հոսպիտալացումները, վիրաբուժական միջամտությունները: Այս պահին առողջապահության համակարգ դեռ կարողանում է ապահովել բնականոն աշխատանքը և՛ քովիդ սպասարկող հիվանդանոցների, և՛ նեղ մասնագիտական:
Քովիդով պայմանավորված իրավիճակը վերահսկելու և բժշկական հաստատությունում աշխատանքը կազմակերպելու համար առավել դժվար էր, երբ նոր էր սկսվել համավարակը, հայտարարվել էր լոքդաուն: Պլանային վիրահատություններն այդ ընթացքում հետաձգվեցին, իրականացվում էին միայն անհետաձգելի բուժծառայությունները:
Գագիկ Համբարձումյան - Որոշ ժամանակ անց կարծես մի փոքր իրավիճակը թեթևացավ, բայց այդ պայմաններում անհետաձգելի բոլոր հիվանդներին՝ քովիդ էր, թե ոչ, բոլորին բուժօգնություն էր ցուցաբերվում:
Համավարակի նոր շտամի հայտնաբերման ու հիվանդացության տեմպի մեծացմանը զուգահեռ՝ ծանրաբեռնվեց նաև բուժհաստատությունների աշխատանքը: Հիվանդանոցում, սակայն, վստահեցնում են, որ իրենց հաջողվում է կառավարել իրավիճակն ու կատարել բոլոր բուժծառայությունները, ըստ գրաֆիկի իրականացնել բոլոր վիրահատությունները:
Գոհար Ղազարյան, ավագ բուժքույր - Թերապևտիկ բաժանմունքի 3 հարկը տրամադրված է քովիդով հիվանդներին, մոտ 150-ից ավելի մահճակալ ենք սպասարկում, բայց մյուս բաժանմունքների աշխատանքը չի տուժում:
Գագիկ Համբարձումյան - Բուժանձնակազմը մեծ և հզոր է:
Ամբողջ բուժանձնակազմը քովիդի դեմ պատվաստվել է. վարակից պաշտպանված բժիշկները հիվանդանոցից չեն բացակայում՝ շարունակելով աշխատել մի քանի ճակատով: