Կառավարությունը 2021 թվականի բյուջեից որոշեց գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով:
«Ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 6 միլիոն դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորումը 532 միլիոն դրամ է: Ծրագրերից 5-ը 2020 թվականին հաստատված ծրագրեր են, 22-ը՝ 2021 թվականին: Այսպիսով կարիք է առաջացել ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել 532 միլիոն դրամ՝ համապատասխան շինարարական ընկերություններին ֆինանսավորելու համար»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականին քաղաքական որոշում է կայացվել, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան Հայաստանի տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը:
«Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է, որ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել կապիտալ ներդրումների զարգացման ծրագրեր, որոնք ներկայացվում են Կառավարություն: Կառավարությունը քննարկում է, հավանություն է տալիս և իրականացնում տարբեր տոկոսներով համաֆինանսավորում՝ ըստ բովանդակության: Այսօր մենք հերթական չափաքանակն ենք ներկայացնում 9 մարզին՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-2020 թվականներին չի եղել մի բնակավայր, որտեղ շոշափելի սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել:
«Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումը տեղի էր ունեցել ու արդեն լիարժեք գործարկման մեջ է: Եթե 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, միայն 2021 թվականին 678 ծրագիր՝ 48 միլիարդ 400 միլիոն դրամ արժեքով»,- ասաց Փաշինյանը: