Համաճարակային իրավիճակը Հայաստանում փոխելու համար տեսչական մարմինները շարունակում են խստացված ստուգայցերը: ՍԱՏՄ տեսուչներն Էրեբունիում խանութ, սուպերմարկետ, հանրային սննդի կետեր մտան, փաստաթղթերն ստուգեցին ու մի քանի արձանագրություն կազմեցին:
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Ընդհանուր՝ 20 աշխատակից են, 15-ը պատվաստվել է, բայց 5 աշխատակից չի պատվաստվել և թեստավորում չունի, ինչի համար կազմվում է արձանագրություն:
Այս սուպերմարկետ տեսուչներն առաջին անգամ չէ, որ այցելում են: Մեկ ամիս առաջ արձանագրություն կազմել, նախազգուշացում էին տվել: Տնտեսվարողն այսօր թերությունները վերացրել էր, բայց հաշվի չէր առել, որ մասնագետները պատվաստման ու թեստավորման վկայագրերն էլ կստուգեին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների խոսքով՝ եթե առաջ դիմակների, ախտահանիչ միջոցների, սոցիալական հեռավորություն չպահպանելու համար էին հիմնականում արձանագրություններ կազմում, հիմա ավելի շատ պատվաստման և թեստավորման փաստաթղթերի բացակայության.
Հայկ Մայիլյան - Ունեցել ենք դեպքեր, որ փորձել են աշխատակցին թաքցնել՝ չներկայացնելով իրենց պատվաստման, թեստավորման տվյալները, սակայն մենք իմացել ենք դրա մասին, կազմվել է արձանագրություն և տվյալ տնտեսվարողը տուգանվել է:
Իսկ առաջին դեպքի համար տեսուչները կարող են կա՛մ նախազգուշացում տալ, կա՛մ էլ 100.000-300.000 դրամ տուգանել տնտեսվարողին: Եթե մեկ տարվա ընթացքում գործատուն կրկին խախտի հակահամաճարակային կանոները, ապա տուգանքի չափը կարող է հասնել մինչև կես միլիոն դրամի: