Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի բնակարանում և աշխատասենյակում խուզարկություններ են կատարվել:
Հուսիկ Կարապետյան, ՔԿ Երևանի քննչական վարչության ՀԿԳ քննիչ - Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, գնորդի վստահությունը ձեռք բերելով, փորձել է վաճառել այն և խարդախությամբ հափշտակել 10 հազար դոլարին համարժեք 4 միլիոն 834 հազար դրամ գումար:
Պաշտոնյային՝ Ջանիբեկ Վարդանյանին առնչվող քրեական գործը հարուցվել է ԱԱԾ-ում, այնուհետև փոխանցվել ՔԿ: Վարդանյանը, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Գեորգի Մելիքյան, Ջանիբեկ Վարդանյանի պաշտպան - Ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել, որի վառ ապացույցները ներկայացրել ենք քննիչին և ակնկալում ենք, որ օբյեկտիվ քննությամբ կհաստատվի իմ պաշտպանյալի անմեղությունը:
Ըստ Մելիքյանի՝ իր պաշտպանյալը Նորքում ինքնակամ զբաղեցրած հողամաս ունի՝ սեփականության վկայականի մեջ ներառված և հատակագծված շտրիխներով, այսինքն՝ ըստ նրա, սահամանազատված է այլ հողամասերից։ Նրա խոսքով՝ 2006 թվականից կառավարության որոշման համաձայն՝ Վարդանյանի, հոր և փեսայի անունը գրանցված է անտառային ֆոնդի հողատարածքների ցանկում, որի մեջ ներառված է նաև խնդրահարույց 1000 քմ հողատարածքը: Պաշտպանը նշում է՝ Ջանիբեկ Վարդանյանը հողատարածքից մի մաս վաճառելու մասին կայքերից մեկում հայտարարություն էր տարածել: Պաշտոնյայի դեմ հաղորդում տված անձը գնորդն է, որն ըստ պաշտպանի՝ ԱԱԾ գործակալ է:
Գեորգի Մելիքյան - Ըստ էության, List.am կայքում տեղադրված հայտարարության տեքստից ծանոթացել է, որ Նոր Նորք վարչական շրջանում վաճառվում է հողամաս, չսեփականաշնորհված, մոտ 1000 քմ՝ 14 հազար 500 դոլար գումարով: Ինքը տեղում կասկած է ներկայացրել դրա օրինականության վերաբերյալ, եթե իրական գնորդ է, պետք է անցներ մյուս հայտարարություններին: Առանց իմ պաշտպանյալին զանգելու՝ դիմում է ԱԱԾ: Դիմումի բովանդակությունն այն է, որ ոմն քաղաքացի ինձ ցանկանում է խաբել:
Մելիքյանն ասում է՝ բոլոր հանդիպումների ժամանակ իր պաշտպանյալը հաղորդում տված անձին սեփականության վկայական է ներկայացրել:
Գեորգի Մելիքյան - Եթե նույնիսկ դիտենք չոր օրենքի մեկնաբանությամբ, գուցե դա պետական հողամաս է, բայց պետությունը տվյալ հողն աճուրդի կարգով կամ այլ եղանակով վաճառքի հանելու դեպքում իրավունք չունի այլ անձի օրինականացնի, եթե իմ պաշտպանյալը չհրաժարվի այն գնելու կամ սեփականաշնորհելու իրավունքից:
Նշենք, որ ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած: Վարդանյանը վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել 2020-ին: Պաշտպանի հավաստմամբ, սակայն, Ջանիբեկ Վարդանյանը հայտարարությունը հրապարակել է տարիներ առաջ, երբ դեռ պաշտոն չէր զբաղեցնում:
Հուսիկ Կարապետյան - Կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ նշված հողատարածքը սեփականշնորհելու հարցում գնորդի օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով՝ այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու համար, գնորդից պահանջել է մեկ միլիոն 933 հազար դրամին համարժեք 4000 դոլար գումար, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:
Այս դրվագով էլ մեղադրյալի պաշտպանը նշում է, որ Վարդանյանը հանդես չի եկել որպես պաշտոնատար անձ և որևէ տեղ խոսակցություն առկա չէ կաշառք պահանջելու մասին: Հարցին՝ կաշառքի առարկա հանդիսացող գումարն առգրավվե՞լ է, քննիչը պատասխանեց.
Հուսիկ Կարապետյան - Կաշառքի ստանալու հանցակազմը ավարտված է համարվում համաձայնությունն ստանալու պահից, և կաշառքի առարկան չի հասցրել ստանալ մեղադրյալը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Վարդանյանը կալանավորվել է նոյեմբերի 2-ին: «Լուրերը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև վարչական շրջանի ղեկավարությունից, աշխատակազմից, սակայն նշեցին՝ զերծ են մնում մեկնաբանություններից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան