Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում է անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021 թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին Արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80 թթ.» ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, «Միրզոյան» գրադարանի ցուցասրահում։
Իր գործունեության ընթացքում, Վաթինյանը նկարահանել է երեք տասնյակից ավելի ֆիլմեր, որոնց թվում են «Օգոստոս» (1976 թ․), «Մեր մանկության տանգոն» (1984 թ․), «Տեր Ողորմեա» (1996 թ․) և այլն։
Վաթինյանի օպերատորական մասնագիտությունը սերում է արվեստի մեկ այլ ձևաչափից՝ լուսանկարչությունից։ Նա նկարել է վաղ տարիքից։ Հետագայում Վաթինյանը շարունակել է ակտիվորեն լուսանկարել՝ 1970-ին Մոսկվայի պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտն (ՎԳԻԿ) ավարտելուց ու «Հայֆիլմ» ստուդիայում աշխատանքի անցնելուց հետո։
Գործածելով ֆոտոխցիկը որպես ազատ փորձարարական դաշտ՝ Վաթինյանը ստեղծել է խիստ անձնական բնույթի տասնյակ շարքեր և հարյուրավոր սև-սպիտակ սևապատկերներ (նեգատիվներ), որոնք երբևէ չեն հրապարակվել։ Հայտնաբերվելով արվեստագետի մահվանից հետո՝ նրա լուսանկարների արխիվը տպվում և հանրության լայն շրջանակներին մատուցվում է առաջին անգամ։
Շուրջ 40 լուսանկարների ընտրանուց բաղկացած այս ցուցահանդեսը միտված է ներկայացնելու Վաթինյանի լուսանկարչությունը՝ որպես 1960-1980-ականների հայ արդի արվեստի ու մշակույթի ուշագրավ երևույթ։
Ցուցադրության կիզակետում Վաթինյանի դիմանկարչությունն է, որի միջոցով նա արձանագրում էր իր նշանավոր գործընկերների կամ մտերիմների շրջանակը, որոնց թվում էին Յուրի Երզնկյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Ալբերտ և Մհեր Մկրտչյանները, Արմինե Կալենցը, Երվանդ Քոչարը, Մինաս Ավետիսյանը, Էլիբեկյան եղբայրները, Գայանե Խաչատուրյանը, Տիգրան Մանսուրյանը և այլք։