Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրման նպատակով: Որոշման նպատակներից է ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022 թվականին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:
Մասնավորապես, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիտորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների պատասխանատուին հնարավորություն կտա հսկողական գործառույթներն իրականացնել թվային հարթակում։
Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումը և պահպանումը կլինի առավել համակարգված, կհեշտանա հաշվետվողականությունը, ավելի քիչ ժամանակ կծախսվի թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։
Ճանապարհային ցանցի կառավարման բջջային հավելվածը, որ կներբեռնվի սմարթֆոնների վրա, հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող կազմակերպության ինժեներների հետագիծը պատվիրատուի կողմից դիտարկումներ կատարելիս։ Հաշվի առնելով, որ ծրագիրը նորույթ է, ինչպես կապալառուների, այնպես էլ պատասխանատուի մասնագետների համար, ուստի միջև վերջինիս վերջնական ներդրումը նախատեսվում է 2022 թ. ընթացքում ծրագիրը փորձարկել սպասարկող կազմակերպությունների հետ: Նշված հանգամանքով պայմանավորված առաջարկվում է ճանապարհների կառավարման նոր համակարգը ներդնել 2023 թ. հունվարի 1-ից:
Նախատեսվում է ավելացնել կոմբինացված ճանապարհային մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով, որ պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է 1 միավոր տեխնիկա: Որոշմամբ հստակեցվում են ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ, մասնավորապես. հստակեցվում է ճանապարհների սպասարկման աշխատանքներն իրականացնող կապալառուն՝ տվյալ ճանապարհի հիմնանորոգման, նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքների ընթացքում:
Արդյունքում՝ 2010-2021 թթ. գնաճին համապատասխան կբարձրանան ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման աշխատանքների արժեքները, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ պահանջներ սահմանել՝ ապահովելով սպասարկման աշխատանքների շարունակական բարեփոխումները: