Հայաստանում իրականացված սուբվենցիոն ծրագրերով ուշադրություն է դարձվել բոլոր ենթակառուցվածքներին, ինչը խոսում է համաչափ զարգացման մասին: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«2018-2021 թվականներին այս ծրագրերով կառուցվել, հիմա կառուցվում կամ հիմնանորոգվում է 125 մանկապարտեզ: Մեծ թիվ են կազմում ոռոգման ջրի և ճանապարհաշինության ծրագրերը: Այն համայնքները, որտեղ չենք կարողացել սուբվենցիաներ իրականացնել, հիմնականում փոքրաքանակ բնակչությամբ համայնքներ են, որոնց թիվը բավականին քիչ է: Հույս ունենք՝ խոշորացման գործընթացից հետո, որ ունենք, հաջորդ տարվա հայտերի մեջ հիմնականում այն համայնքները, որտեղ չկարողացանք իրականացնել իրենց բյուջեի պատճառով, կընդգրկենք ու կանենք»,- ասաց Սանոսյանը:
Խոսելով ոլորտում խնդիրների մասին՝ Սանոսյանն առանձնացրեց նախագծերի որակն ու տեմպը:
«Հաջորդ խնդիրը, որ հենց հիմա ունենք, մեր երկրի բազմաթիվ համայնքներում աշխատողների պակասն է: Մեր շինարարները մրցույթներ են շահել մեծ քանակությամբ, բայց աշխատողների խնդիր ունեն, որպեսզի ավելի արագ տեմպով աշխատանքներն իրականացնեն»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ բիզնեսից շատ ահազանգեր են ստանում աշխատուժի խնդրի վերաբերյալ:
«Ամենուր աշխատատեղերի խնդիր ունենք: Այս հարցը պետք է մեր աչքի առաջ ունենանք և զբաղվենք այդ խնդրի լուծմամբ»,- ասաց վարչապետը: