ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Տոնը Հայաստանում պաշտոնապես նշվում է 2009 թվականից։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
««Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը մեր երկրում ներդրվել է բավականին ծանր՝ ճգնաժամային, Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերի ընթացքում: Լինելով դեռևս չճանաչված մասնագիտություն՝ նվիրյալ մարդկանց շնորհիվ բառի բուն իմաստով փլատակների վրա ձևավորվել է սոցիալական աշխատանքը։
Այսօր մեր երկրում շարունակվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը․ այն դրվում է մասնագիտական հենքի վրա։
2020-2021 թվականների ընթացքում՝ համավարակի, պատերազմի, հետպատերազմական օրերին սոցիալական աշխատողները բնակչության հրատապ սոցիալական պաշտպանության միջոցառումների կիզակետում են եղել և ներկայումս շարունակում են լինել:
Առանձնահատուկ շնորհակալություն՝ բոլոր այն սոցիալական աշխատողներին, ովքեր ամուր կանգնեցին մեր քաղաքացիների կողքին թե՛ համավարակի, թե՛ պատերազմի օրերին: Ճիշտ այնպես, ինչպես բժիշկներն էին անձնվիրաբար պայքարում մեր հայրենակիցների կյանքի և առողջության համար, այնպես էլ նրանք անկոտրում աշխատեցին և շարունակում են աշխատել մեր քաղաքացիներին անհրաժեշտ սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:
Ուստի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և վստահություն հայտնում, որ սոցիալական աշխատողները կշարունակեն մեծ նվիրումով իրականացնել իրենց վերապահված բարդ առաքելությունը»: