ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱԽՈՀԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ 15 ՄԼՆ ՖՈՒՆՏ ԿԲՌՆԱԳԱՆՁՎԻ
Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը պատրաստվում է 15 մլն ֆունտ բռնագանձել Իլհամ Ալիևի մերձավոր, ադրբեջանցի հայտնի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքին պատկանող բանկային հաշիվներից։ Գործակալության տվյալով՝ այդ գումարները «լվացվել են» 2017 թվականին OCCRP-ի կողմից բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած հետաքննության կողմից բացահայտված մեխանիզմներով: Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը փաստում է, որ գումարների աղբյուրն անօրինական է, քանի որ դրանք Ադրբեջանից դուրս են բերվել մի շարք կեղծ ընկերությունների միջոցով՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ։ Ֆեյզիևն Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է, խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ, ու համարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համախոհներից։ Ադրբեջանցի պատգամավորը նաև ակտիվ դերակատարում ունի եվրոպական երկրներում Ադրբեջանի շահերի առաջմղման հարցում:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Իրանը նոյեմբերի 29-ին Վիեննայում կսկսի իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները՝ հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության փոխղեկավար Ալի Բաքերի-Քանին: «Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվել ենք՝ նոյեմբերի 29-ին վերսկսել բանակցությունները Վիեննայում»,- գրել Է Բաքերի-Քանին իր Twitter-ում: Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը նույնպես հաստատել Է ամսաթիվը: Վիեննայում միջազգային կառույցներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես հաստատել Է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը: Բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները:
ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ
Կանցլերի պաշտոնում վերջին անգամ Անգելա Մերկելն այցելել է Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահը Մերկելին հյուրընկալել է Բուրգունդիա շրջանի գինեգործության մայրաքաղաք համարվող Բոն քաղաք։ Մակրոնը շնորհակալություն է հայտնել Մերկելին ցուցաբերած համբերատարության և իրեն տված դասերի համար: «Այն ժամանակվանից ի վեր, երբ Դուք կանցլեր եք դարձել, Ֆրանսիան սովորել է ճանաչել և սիրել Ձեզ»,- ասել է Մակրոնը՝ Մերկելին հանձնելով Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի մեծ խաչը։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Անգելա Մերկելը սկզբում աշխատել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, այնուհետև Նիկոլա Սարկոզիի, ապա Ֆրանսուա Օլանդի և վերջում իր հետ:
ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը «Աստանայի ձևաչափով» տեղի կունենա Նուր-Սուլթանում դեկտեմբերի կեսին: Այս մասին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին: Նախարարի խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, սիրիական կողմերն ու հրավիրված դիտորդները: «Մենք այժմ հստակեցնում ենք բանակցությունների մակարդակը: Սովորաբար երաշխավոր երկրները ներկայացված են փոխնախարարների մակարդակով»,- պարզաբանել է Տլեուբերդին: Սիրիայի հարցով նախորդ բարձրաստիճան հանդիպումը տեղի է ունեցել Նուր-Սուլթանում այս տարվա հուլիսի 7-8-ը: Բանակցությունների մասնակիցները քննարկել են երկրում տիրող իրավիճակը, միջազգային հումանիտար աջակցությունը: