Միացյալ Թագավորության Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) մտադիր է ընդհանուր առմամբ 15 մլն ֆունտ ստեռլինգ (20,5 մլն ԱՄՆ դոլար) բռնագանձել Ադրբեջանի ազդեցիկ քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի կնոջը (7.86 մլն), որդուն (6.4 մլն) և զարմիկին (մոտ 1 մլն) պատկանող բանկային հաշիվներից:
Ըստ գործակալության՝ գումարը լվացվել է դրամական փոխանցումների ընդարձակ համակարգի միջոցով, որը բացահայտվել էր Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կողմից 2017 թվականին:
Ո՛չ Ֆեյզիևին, ոչ էլ նրա ընտանիքի անդամներին որևէ մեղադրանք չի առաջադրվել, սակայն քաղաքացիական դատավարության ընթացքում NCA-ի փաստաբանը մանրամասն վերլուծություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ փողի հոսքը տեղի է ունենում «Ադրբեջանական լվացքատան» միջոցով:
Գործակալության պնդմամբ՝ միջոցների աղբյուրը ապօրինի է, քանի որ դրանք Ադրբեջանից դուրս են բերվել մի քանի կեղծ ընկերությունների միջոցով՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր՝ դրանց ծագումը թաքցնելու համար:
NCA-ն հայտարարել է, որ առգրավման ենթակա միջոցները հիմնականում ստացվել են Ֆեյզիևի վերահսկողության տակ գտնվող բանկային հաշիվներից:
Ֆեյզիևը Ադրբեջանի խորհրդարանի անդամ է և համարվում է Իլհամ Ալիևի մտերիմը: Նա ներգրավված է նաև Եվրամիությունում ադրբեջանական լոբբինգում: