Եվրադատարանը բավարարեց 2014-ին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված Տավուշի բնակիչներ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով հայկական կողմի բողոքը` պարտավորեցնելով Ադրբեջանին փոխհատուցել 40 հազարական եվրո: Իրավապաշտպանների խումբը դատարանից պահանջել էր ճանաչել եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումները: Հիմնական պահանջներից էին կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումներից, անմարդկային վերաբերմունքից, խտրականությունից զերծ մնալու իրավունքների ճանաչումը:
Քրիստինա Գևորգյան, փաստաբան - Ընդհանուր առմամբ՝ մեզ այդ վճիռները բավարարում են այն առումով, որ այն հիմնական իրավունքները, որոնք խախտվել են Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով, կյանքի իրավունքն է և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքն է, ճանաչվել են դատարանի կողմից:
ՄԻԵԴ-ը որոշումները կայացնելիս հիմնվել է հայկական կողմի ներկայացրած փաստական ապացույցների, դատաբժշկական եզրակացությունների վրա: Դրանք վկայել են, որ Խոջոյանն ու Պետորսյանն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների: Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին: Բաքուն ծերունուն ներկայացրել էր որպես դիվերսանտ, մարտին վերադարձրել հայկական կողմին, մեկուկես ամիս անց նա մահացել էր. պատճառը օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան էր: Ադրբեջանում ազատազրկման մեջ նա ստացել էր հրազենային վիրավորում, նրան նաև ներարկել էին սոլյարայուղ և հոգեմետ դեղեր:
Արտակ Զեյնալյան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ - Բոլոր հոդվածներով չէ, որ Եվրոպական դատարանը խախտում արձանագրել է: Խոջոյանի գործով համարել է, որ անձնական անձեռնմխելության և ազատության իրավունքի մասով բաց է թողնվել վեցասմյա ժամկետը, պետք է այն մեկնարկեր տեսանյութը հրապարակելու պահից, մյուս դեպքերով արձանագրել է խախտում: Խոջոյանի պարագայում կարևոր է հանգամանքը, որ Հայաստան վերադարձվելուց հետո վրա հասած մահը վերագրվել է Ադրբեջանի իշխանությանը:
Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր 2014-ի օգոստոսի 7-ին: Մեկ օր անց Բաքուն հայտարարել էր, թե նա մահացել է սրտի կաթվածից, հոկտեմբերին վերադարձրել էր նրա խոշտանգված մարմինը: Իրավաբանները ներկայացրել էին, այսպես ասած, ծիսական սպանության, գլխատման փաստը: Որոշումների հիմքում ընկած է 2010-ին Ադրբեջանում սպանված Մանվել Սարիբեկյանի գործով՝ 2020-ի հունվարին ՄԻԵԴ կայացրած վճիռը, որի իրավական գնահատականները դարձել են ընդհանրական նաև այս վճիռների համար:
Արտակ Զեյնալյան - Սա միայն իմ և իմ թիմի հաղթանակը չէ, թիմում են նաև Վահե Գրիգորյանը, Քրիստինա Գևորգյանը, Լարիսա Ալավերդյանը: Սա նաև հաղթանակ է դատաբժշկական փորձագետների, դատախազության, իրավապահների, նաև Հայաստանի ՄԻԵԴ-ում ներկայացուցչի, սա ընդհանուր ձեռքբերում է:
Վճիռները մանրամասն ուսումնասիրելուց հետո միայն հայկական կողմը կորոշի՝ գանգատ ներկայացնե՞լ Մեծ պալատ, թե՞ ոչ: Վճռի կատարման ժամկետ չկա. Արտակ Զեյնալյանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու, որ Ադրբեջանը կատարի դրանք: