Վերջին 3 օրում քովիդը մեր երկրում 150-ից ավելի կյանք է խլել: Համավարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ գերլարված:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եթե տանը սպասող մարդ կա, ուրեմն հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ մահանում են. ամեն օր: Մենք լոքդաունների չենք գնալու, դիմակների պարտադիր կրումը պետք է հետևողականորեն պահենք և պատվաստումներն անենք մեծ ծավալներով:
Մահճակալային ֆոնդն ընդլայնվել է՝ հասնելով 3120-ի: Մի փոքր նվազել է հոսպիտալացման սպասող քաղաքացիների թիվը, բայց մահճակալները դեռ ոչ մի վայրկյան ազատ չեն մնում:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Իրականացնում ենք աշխատանքներ թթվածնային ապահովության անխափան մատակարարումն ապահովելու համար և այս պահին այս աշխատանքները հստակ կերպով իրականացվում են և բոլոր ԲԿ-ները ապահովված են թթվածնով, չնայած որ սպառումը գերռեսուրսներով է իրականացվում:
Նախարարի խոսքով՝ դպրոցներում արձակուրդների երկարաձգումը և բուհերում հեռավարի անցումը ազդել է քովիդ-ցուցանիշների վրա, որոնք տեսանելի կլինեն հաջորդ շաբաթվա վիճակագրությունում:
Անահիտ Ավանեսյան - Մենք տեսնում ենք, որ հիվանդացության և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում ունենք:
Հայաստանում արդեն իրականացվել է 852 հազար 355 պատվաստում, առաջին դեղաչափն ստացել է 588 հազար 562 քաղաքացի, սա մեծահասակ բնակչության 29.4 տոկոսն է, երկրորդ դեղաչափն ստացել է 263 հազար 793 քաղաքացի կամ 13 տոկոսը:
Անահիտ Ավանեսյան - «Մոդեռնա» պատվաստանյութը ստանալուց հետո փոփոխություն իրականացրինք մեր հրամանի մեջ, և 12 տարեկանից բարձր երեխաները ևս հնարավորություն ունեն այս պահին պատվաստում ստանալու: Իհարկե, դա իրականացվում է ծնողների համաձայնությամբ:
12 տարեկանից բարձր արդեն շուրջ 50 երեխա պատվաստվել է: Իսկ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացուց ընդամենը 97 մարդ է պատվաստված:
Նիկոլ Փաշինյան - Մենք պատվաստված պիտի համարենք այն քաղաքացիներին, ովքեր երկու դեղաչափն ստացել են, հետևաբար՝ մեր պատվաստված քաղաքացիների թիվը 263 հազար է: Մենք պետք է մեր քաղաքացիներին անընդհատ այդ ուղերձը տանք, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, ուրիշ տարբերակ ուղղակի չկա:
Հայաստանում արդեն օրական պատվաստումների թիվը հասել է 25 հազարի՝ ասում է վարչապետը՝ նշելով, որ սա մեր հնարավորությունների պիկը չէ, եթե քաղաքացիներն ակտիվ լինեն, ցուցանիշը կավելանա:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել՝ մեծահասակները, և հիմա արդեն նաև երեխաները, մենք ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար, ընտրությունը քաղաքացիներինն է, կոչ եմ անում բոլորիդ՝ Կառավարության անդամներին, հրապարակային ելույթներում անընդհատ շեշտել դա, մարզպետներին. պետք է մարզերում այս գիտակցությունը մեծացնել, աշխատել այս ուղղությամբ, պետք է մարդկանց փրկել, և այդ փրկության միջոցը կա:
65-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիները ամենապասիվն են, մինչդեռ թիրախային խմբում են և պարտադիր պետք է պատվաստվեն:
Անահիտ Ավանեսյան - Այս շաբաթ օրը Վանաձորում ենք իրականացնելու պատվաստումային օր, հրավիրում ենք բոլորին Լոռու մարզում ակտիվ մասնակցելու, գալու:
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ առաջարկել է ՊՇՌ թեստերի պատասխանների համար սահմանված 14-օրյա ժամկետը դեկտեմբերի 1-ից փոխարինել 7-օրյա ժամկետով: