Կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում մի շարք լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերին։
Օրենքների նախագծերով սահմանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերն աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը։
Ըստ այդմ, եթե աշխատանքի ներկայանալիս աշխատողը չի ներկայացնում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված փաստաթղթերը, ապա գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվել աշխատավայրում և այդ ժամանակահատվածի համար չի վճարում աշխատավարձ (փոփոխությունը վերաբերում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայող(ներ)ին)։
Եթե աշխատողը չի թույլատրվել աշխատանքի ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ), ապա գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը (հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի համար իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարմանը նշված օրերի տևողությամբ չթույլատրվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է վերջինիս պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) մասին համապատասխան իրավական ակտ, եթե պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) այլ ժամկետ սահմանված չէ օրենսդրությամբ)։
Այս հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պետք է նախապես (ոչ ուշ, քան 3 օր առաջ) այդ մասին գրավոր ծանուցի աշխատողին, իսկ ծանուցման ժամկետը չպահպանելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարի տուժանք։
Նշենք, որ նույն հիմքով 3 օր առաջ ծանուցելու ժամկետը կիրառելի չէ հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) դեպքերի համար։
Վերոնշյալ հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողից գանձվում է նաև չաշխատած օրերի համար վճարված գումարն այն պարագայում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ:
Նշված կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։