9 մարզի 24 համայքնում 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով Կառավարությունն այսօր հատկացրեց 532 միլիոն դրամ: Սա գրեթե կեսն է 1 միլիարդ 6 միլիոն ընդհանուր արժեքով ծրագրերի, որոնցից 5-ը դեռ 2020-ին էր հաստատվել, 22-ն էլ՝ այս տարի՝ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարարը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Կարիք է առաջացել պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել 532 միլիոն դրամ՝ շինարարական ընկերություններին ֆինանսավորելու համար:
Քաղաքական որոշումը, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը, Կառավարությունը դեռ 2018-ին էր կայացրել՝ հիշեցրեց վարչապետն ու թվերով փաստեց արձանագրված արդյունքները: 2018-20-ին բոլոր մարզերում 1193 ծրագիր է իրականացվել՝ ավելի քան 47 միլիարդ դրամի: Սա 2.5 տարվա արդյունքն է, միայն 2021-ի վիճակագրությունը ավելի խոսուն է՝ 48 մլրդ 400 մլն դրամի 678 սուբվենցիոն ծրագիր:
Գազիֆիկացումից մինչև մանկապարտեզների ու դպրոցների կառուցում, այգիների, պուրակների բարեկարգում, բազմաբնակարան շենքերի նորոգում ու խմելու, ոռոգման ջրի մատակարարում: Համայնք-պետություն համատեղ ջանքերով իրականցվող ծրագրերը բազմազան են: Վարչապետը նկատում է՝ Կառավարության տված գործիքներից այսօր օգտվում են նաև մարդիկ, որ իրենց հարազատ գյուղում ցանկանում են ներդում անել, փոփոխություն բերել:
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 2021-ԻՆ
2021-ին այսպիսի ներդրումների արժեքը 2 միլիարդ 183 միլիոն դրամ է:
Նիկոլ Փաշինյան (վարչապետ) - էդպիսի շատ վառ առաջին օրինակը եղավ Մովսես գյուղի ճանապարհի նորոգումը, որ էլի 40 տարի էդ գյուղը ճանապարհ չէր ունեցել:
Էներգախնայող ծրագրերում, օրինակ, Կառավարության համաֆինանսավորումը 75 տոկոս է, դրանից Քաջարանում արդեն 38 բազմաբնակարան շենք են ջերմամեկուսացրել: Գործադիրի գնահատմամբ՝ սուբվենցիայով իրականացվող կապիտալ ծրագրերը փոխել են համայնքի բնակիչների կյանքի որակը:
Սուբվենցիաների ֆինանսավորում պատրաստ են տրամադրել, շահած մրցույթները կան, բայց աշխատուժն է քիչ՝ նկատեց տարածքային կառավարման նախարարը: Վարչապետն էլ արձագանքեց՝ երկրում այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր կան:
Նիկոլ Փաշինյան - Հիմա բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգն աշխատուժի խնդիրն է, ընդ որում՝ բոլոր ոլորտներում, սկսած շինարարության ոլորտից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատակիցների խնդիր ունենք:
ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ
2022-ի համար էլ վարչապետը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել խոշորացված համայնքների կազմում ընդգրկված փոքր գյուղերին: Սուբվենցիոն ծրագրերի փաթեթում հաջորդ տարի մի նոր ուղղություն էլ կավելանա՝ հեռագնա արոտավայրերի ճանապարհների կառուցումը: Վարչապետը նկատեց՝ անասնապահության թիվ մեկ խնդիրը կերի հարցն է, բայց, փաստացի, արոտավայրերի գերակշիռ մասը չի օգտագործվում:
Օրակարգային մեկ այլ հարցով էլ գործադիրը հաստատեց՝ ավտոճանապարհների սպասարկման որակի ստուգումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով: Ծրագիրը, ըստ ոլորտային նախարարի, կգործարկվի 2 տարուց, մինչ այդ նոր՝ ավելի բարձր պահանջներ կսահմանվեն սպասարկողների համար: Ընկերության ավտոպարկի 70 տոկոսը պետք է սեփական լինի, մեքենաները՝ առավելագույնը 15 տարվա հնության, 40 կմ հաշվարկով էլ մեկ գրեյդեր ունենալը պարտադիր կլինի: Ձմռանն ընդառաջ էլ Սանոսյանը խոստացավ՝ ճանապարհներին աղ-ավազն այլևս բահով չեն ցանի:
Կառավարությունն այսօր միաձայն հավանություն տվեց «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագրի ստորագրմանը: Կրթության նախարարի խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալու հայ գիտնականներին՝ իրենց հետազոտությունները ներկայացնել ու ստանալ ԵՄ ֆինանսավորում: Վահրամ Դումանյանի խոսքով՝ նրանց հնարավորություն կտրվի օգտվել նաև ԵՄ երկրների գիտական բոլոր ենթակառուցվածքներից: